Exclusive

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը Երևանում է, այս անգամ նա պատրաստվում է երկար մնալ հայրենիքում: Blognews.am-ը օրեր առաջ հանդիպեց երգչուհու հետ և լուսանկարեց նրան: Երբ պետք է լուսանկարեինք երգչուհուն, անձրև սկսեց, որը կարծես թե խափանում էր մեր բոլոր պլանները: Հետաքրքիրն այն էր, որ նկարահանման վայր հասնելուն պես անձրևի հետք անգամ չկար, ինչի առթիվ Աստղիկն ասաց. «Եղանակն ինձ շատ է սիրում»:)

Մեր հարցին, թե ինչ աշխատանքային նորություններ ունի երգչուհին, Աստղիկը պատասխանեց. «Երևանից աշխատանքային առաջարկներ միշտ եմ ստանում, նույնիսկ այն ժամանակ, երբ Երևանից դուրս եմ լինում, պարզապես դրանք սկսում եմ իրագործել, երբ այստեղ եմ լինում: Դրան գումարվում են նաև որոշ նախագծեր՝ իմ կողմից նախաձեռնված, և արդյունքում ստացվում է աշխատանքային խիտ գրաֆիկ»:


Շարունակելով զրույցը՝ Աստղիկն ասաց, որ արդեն ունի աշխատանքային պայմանավորվածություն երաժշտական պրոդյուսերի հետ. «Նա ինձ հիմնականում կաջակցի համերգային գործունեության հարցում: Նրա հետ այժմ փորձում ենք պլանավորել համերգային որոշ ծրագրեր, կենդանի նվագակցությամբ հանդես գալ որոշ փոքրիկ համերգներում: Հուսով եմ և մի քիչ էլ համոզված, որ մեր համատեղ աշխատանքը միայն լավ արդյունք կտա»:

Շուտով երգչուհին իր բենդը կունենա և նրանց հետ էլ կմասնակցի տարբեր մեծ և փոքր համերգների, դրանք կլինեն թե՛ ակումբային և թե՛ մեծ համերգներ: Աստղիկը հուսով է, որ ամեն ինչ խաղաղ կընթանա, և խանգարող հանգամանքներ առաջ չեն գա:

«Կլինեն հետաքրքիր նոր երգեր, քանի որ արդեն գրել եմ մի քանի նոր ստեղծագործություններ, որոնց համար պետք է արվեն գործիքավորումներ, դրանից հետո կձայնագրվեմ: Այս ամենի մասին կխոսեմ այն ժամանակ, երբ դրանք արդեն ներկայացված կլինեն: Այժմ միայն ասեմ, որ մոտ օրերս պատրաստվում եմ նկարահանել տեսահոլովակ՝ բոլորովին նոր և դեռ չլսված երգի հիման վրա: Այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ, հուսամ՝ ամեն ինչ իր հունով կգնա, և կկարողանամ հնարավորինս արագ այն հանձնել երկպագուներիս դատին»:


Մի քանի տարի ապրելով Իսպանիայում՝ Աստղիկը, միևնույն է, նախընտրությունը տալիս է հայ տղամարդկանց. «Իսպանացիները որքան տաքարյուն երևում են արտաքինից, այդքան էլ սառնասիրտ են ներքուստ, իսկ սառնասիրտ տղամարդիկ ինձ այդքան էլ հոգեհարազատ չեն: Ես բազմաթիվ անգամներ եմ ասել և հիմա էլ կասեմ, որ մերոնք ամենալավն են»:


Երգչուհին նաև ունի հագուստի իր ապրանքանիշը, նա չի բացառում, որ նորաձևության ցուցադրություն ևս կունենա. «Դրան ևս կհասնենք, այժմ տարվում են նոր աշխատանքներ այդ ուղղությամբ: Մշակվել են նոր դիզայնով ապրաքանտեսակներ»:


Զրույցի վերջում երգչուհին խոսեց իր երազանքների մասին. «Դրանց մեծ մասը կապված է աշխատանքիս հետ, ինչու ոչ նաև ունենալ լավ ընտանիք, որը, կարծում եմ, ամենից կարևորն է: Իմ երազանքներից մի քանիսն իրականացել են, այնպես որ հավատում եմ, որ երազանքները կարող են իրականություն դառնալ, պետք է շատ ցանկանալ և շատ աշխատել այդ ուղղությամբ»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել