Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը խոստովանել է, որ Սիրիայում ամերիկյան ավիահարվածների հետևանքով 2014 թվականի նոյեմբերին երկու երեխա է զոհվել:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, երեխաները զոհվել են նոյեմբերի 5-ին կամ 6-ին Հարիմ քաղաքի մերձակայքում ռմբակոծության հետևանքով, որի նպատակն էր «Խորասան» ծայրահեղական խմբավորման ոչնչացումը:

Այս մասին ասված է գեներալ-լեյտենանտ Ջեյմս Թերրիի հաղորդագրության մեջ, որը գլխավորում է Պենտագոնի այն ստորաբաժանումը, որը պատասխանատու է Սիրիայի և Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորմանն ավիահարվածներ հասցնելու համար:

«Մենք ցավում ենք երեխաների ոչ կանխամտածված մահվան համար»,-ասել է գեներալը:

Պենտագոնը վերլուծել էր մինչև ռմբակոծությունը ստացված տվյալները, և մասնագետները ենթադրում էին, որ ռմբակոծվող օբյեկտները բացառապես ռազմական նշանակություն ունեն:

Պենտագոնը ներկայում քննարկում է Սիրիայում ավիահարվածների ընթացքում քաղաքացիական անձանց զոհվելու 46 դեպքի մասին հաղորդագրություն: Դրանցից 35-ը ժխտվել են, ևս 9-ը քննվում են:

ԱՄՆ-ն անցյալ տարվա օգոստոսից ավիահարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին Սիրիայի և Իրաքի տարածքներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել