Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նոր մեթոդներ կիրառեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար, ասաց, որ նման հայտարարությունները թելադրված են այն հանգամանքով, որ հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղում են հայտնվել և անհրաժեշտ են նոր լուծումներ:

Նա նշեց, որ լուծումների վերաբերյալ պատկերացումները բավականին թույլ են:

«Իհարկե, հակամարտող կողմերը իրենք կարող են ինչ-որ տարբերակներ առաջարկել»,- ասաց նա և նշեց, որ միջնորդները 1994 թվականից մինչ այսօր անընդհատ գտնվում են տարբեր լուծումների որոնման գործընթացում։ «Դժվար է իսկապես պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել նոր առաջարկների բնույթը, որպեսզի ընդունելի լինի հակամարտող բոլոր կողմերի համար»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե կարող ենք ասել, որ Մադրիդյան սկզբունքները եվրոպական կողմն անարդյունավետ է համարում և նոր մեթոդներ ասելով նկատի ունեն հենց այդ սկզբունքներին փոխարինող առաջարկներ, քաղաքագետը պատասխանեց.«Միանշանակ կարծում եմ,որ եվրոպական կողմը հստակ գիտակցում է, որ Մադրիդյան սկզբունքները խնդրի լուծում չեն կարող ապահովել և, ըստ էության, մադրիդյան սկզբունքները չեն այն բանաձևը, որ կարող է բերել խնդրի խաղաղ կարգավորման»։

Քաղաքագետը նաև նշեց, որ Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու համար քաղաքական կամք է անհրաժեշտ, քանի որ երկար ժամանակ դրանց մշակման համար աշխատանք է տարվել։

Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով Բալկանների փորձը ԼՂ հակամարտությունում կիրառելու մասին Յոհաննես Հանի առաջարկին, ասաց, որ չի կարող ասել, թե որքանով կարող է դա արդյունավետ լինել։

«Եվրոպական չինովնիկները, որոնք զբաղվում են հարցի կարգավորմամբ, իրենց բերած օրինակներում, առաջարկներում պետք է հաշվի առնեն հայ ադրբեջանցի ժողովուրդների՝ թե՛ մենթալիտետային, թե՛ արժեհամակարգային տարբերությունները, առանձնահատկությունները», -ասաց նա և նշեց, որ թեև հեշտ է հակամարտության հարցում օրինակներ բերել, սակայն նման օրինակները իրենց բնույթով տարբեր են հայ-ադրբեջանական հակամարտությունից։

«Միջազգային փորձը կարող է ինչ-որ տեղ արդյունավետ լինել, սակայն կապ ունեն ժողովուրդների մոտեցումները։ Ես կարծում եմ, որ եվրոպացիների բոլոր նման առաջարկությունները պետք է ուղղված լինեն ադրբեջանական կողմին, հայկական կողմը վաղուց պատրաստակամություն է հայտնել համագործակցության, համատեղ ծրագրեր իրականացնելուն։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ ադրբեջանցիները նվազագույնին անգամ պատրաստ չեն. խոսքն անվտանգության ապահովմանն է վերաբերում»,-ասաց նա։

 Հրանտ Մելիք–Շահնազարյանը նաև նշեց, որ Ադրբեջանը մերժում է դիպուկահարներին սահմանամերձ գոտուց հեռացնելու, ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման գաղափարը և ցանկացած այլ գաղափար, որը կարող է բերել հակամարտության թուլացմանը։ Նա գտնում է, որ ինչպես առաջարկությունները, այնպես էլ քննադատությունները պետք է հասցեավորված լինեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել