Tert.am-ը գրում է.

Լրագրողների հետ զրույցում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ի պատասխան այն հարցի, թե ինչու են անընդհատ ասում, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն որպես վկա պետք է ներգրավեն, երբ մարդիկ ահազանգում են, որ հենց Տիգրան Խաչատրյանն է հանել տուժող կողմի աչքը և արդյո՞ք այս դեպքում նա չպետք է որպես մեղադրյալ ներգրավվի, ասաց, որ եթե իրոք գործում կան նման տվյալներ, ապա վստահ է, որ նախաքննության մարմինը նրան համապատասխան կարգավիճակ կտա:

«Այսինքն՝ եթե որևէ մեկը ասում է, թե սա նրան խփեց, սա վիրավորվել է, վնասվել, սա է կասկածյալը, ապա ես համոզված եմ, որ նախաքննության մարմինն այդ գնահատականը պետք է տա: Համենայնդեպս այս պահի դրությամբ, ես դեռ քրեական գործի քննության ընթացքին, թե ինչ ապացույցներ են ձեռք բերվել, ում հետ կապված, դեռևս չունեմ: Քրեական գործը թող քննեն, Քննչական կոմիտեն լավ է քննում, հետո արդեն կտանք գնահատական»,-ասաց նա:

Իսկ թե ինչու Սուրիկ Խաչատրյանի որդուն բերման ենթարկելու որոշում կայացվեց միայն այն ժամանակ, երբ նա լքեց Հայաստանի տարածքը՝ դատախազը պատասխանեց, թե դատախազության հսկողությունն ունի ընթացակարգեր, ըստ որի էլ շարժվել են:

«Նախապատրաստվեցին նյութեր, նյութերի արդյունքում ոստիկանությունը որպես հետաքննական մարմին և այնուհետև նախաքննություն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, կարող են կայացնել որոշում կամ քրեական գործ հարուցելը մերժելու մասին, կամ հարուցելու: Դատախազը նյութերի նախապատրաստման ավարտին նյութերը պահանջեց ոստիկանությունից և ինքը որոշում կայացրեց քրգործ հարուցելու մասին: Քրեական գործ հարուցելուց հետո ուղարկվեց Քննչական կոմիտե՝ համապատասխան քննության, որտեղ էլ իրականացվեց համապատասխան քննություն և արդեն իր գործով տեսավ, թե ովքեր են այն վկաները, ովքեր պետք է հարցաքննվեն և վկաներին ուղարկեց համապատասխան ծանուցագրեր»,-ասաց նա և նշեց, թե ծանուցագրերից հետո կա ժամկետ, ըստ որի՝ պետք է ներկայանային նախաքննական մարմին:

«Եթե չեմ սխալվում,նրանք պետք է ներկայանային մայիսի 9-ին, բայց չներկայացան, իսկ քրեական դատավարության օրենսգրքով, եթե վկային հրավիրում ես կոնկրետ օրը, ուրեմն այդ ժամանակ է պետք, իսկ եթե չի գալիս, նշանակում է, որ նման դեպքում անպայման որոշում է կայացվում բերման ենթարկելու մասին»,-ասաց նա։

Հարցին, թե ո՞ր կառույցի կամ ում թերի աշխատանքի պատճառով է, որ Սուրիկ Խաչատրյանի որդին այդ ընթացքում հասցրեց մեկնել Օդեսա, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Ինձ հետաքրքրում է հետևելը: Տեսնում եմ, որ քրեական գործով կա վկա ներգրավելու անհրաժեշտություն, ծանուցագիրն ուղարկվեց, տեսա, որ ծանուցագրով սահմանված ժամանակ չի ներկայացել՝ վերջ։ Որտեղ ուզում է լինի, ես տալիս եմ ցուցում՝ նրան բերման ենթարկելու որոշում կայացնելու մասին: Չգիտեմ՝ քննիչը դրա հիման վրա երբ է որոշում կայացրել, երբ է այդ որոշումը ուղարկել ոստիկանությանը, երբ է ոստիկանությունն այդ որոշումը ստացել, իրականցրել, դա արդեն հարցի 48-րդ կողմն է: Համենայնդեպս երկիր է լքել, երկիր չի լքել, որտեղ է եղել, սա էլ հարցի 49-րդ կողմն է: Կարևորն այն է, որ վկան ներկայանա նախաքննական մարմին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել