«Շնորհակալ եմ»՝ այս երգն Անուշիկ Ալավերդյանն իր հարսանեկան խնջույքի ժամանակ նվիրեց ամուսնուն՝ դաշնակահար Կարեն Մամիկոնյանին: Հարսանիքից հետո երգը չնայած չհայտնվեց համացանցում, բայց կային փոքրիկ կադրեր հարսանիքից, որտեղ երգչուհին կատարում էր երգը: Blognews.am-ի հետ զրույցում Անուշիկը պատմեց, որ շուտով կլինի տեսահոլովակ. «Սա շատ կարևոր երգ է իմ երգացանկում, այն իմ հարսանեկան երգն է, որը գրվել է հենց այդ օրվա համար: Բառերն այնքան գեղեցիկ էին ստացվել, որ շատ դրական կարծիքների արժանացան: Իմ հարսանիքի ընթացքում շատերը նկարահանել էին իմ երգելու պահը, և այդպես տարածում գտավ»:

Երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ երաժշտությունն Էրիկին է: Նրանց հետ Անուշիկն առաջին անգամ էր համագործակցում: «Ինձ համար այնքան հարազատ երգ է, որոշեցի, որ պետք է տեսահոլովակ ունենա: Տեսահոլովակում ճերմակ զգեստ եմ հագնելու, ամեն ինչ լինելու է մինիմալիստական ոճում՝ այն, ինչ ես եմ սիրում: Այն միայն դրական էմոցիաներ կփոխանցի մարդկանց, որովհետև ներկայանալու եմ նոր կարգավիճակով և կերպարով: Այսպես թե այնպես, այս երգը պետք է ունենար տեսահոլովակ, պարզապես այս ժամանակաշրջանի հետ համընկավ»:

Անուշիկը նաև խոստովանեց, որ հարսնացուներ հաճախ են նրան գրում. «Իմ այս քայլից հետո շատ հարսիկներ ինձ գրում են, որ ուզում են՝ փոխանցեմ այս երգը նրանց, որպեսզի իրենք էլ կատարեն իրենց ամուսինների համար հարսանեկան խնջույքի ժամանակ: Սա շատ հաճելի փաստ է ինձ համար, դա նշանակում է, որ երգը հասել է իր նպատակին»:

 Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել