Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազության 2014 թվականի զեկույցի քննարկմանն այսօր «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը նկատեց, թե քննարկմանը հնչեցին տարբեր մարդկանց անուններ՝ Սուրիկ Խաչատրյան, Գոհար Ենոքյան և նրանց մասով մասնագիտական պատասխան տրվեց: «Բայց կուզեի հստակ հայտարարեիք, որ Ձեզ համար որևէ նշանակություն չունի, ով է այդ անձը և ինչ հանցագործություն է կատարել»,-դիմելով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ասաց նա:

Գլխավոր դատախազը նշեց, թե տարբեր անձանց, այդ թվում Սուրիկ Խաչատրյան անձի հետ կապված լուրերի, հրապարակումների ու փաստերի մասով ինքը բազմիցս հստակ է ասել, որ իր համար բացարձակ նշանակություն չունի անձը:

«Կարևոր է մի փաստ՝ ապացուցվեց հանցագործությունը, ապացուցվեց տվյալ անձի մասնակցությունը տվյալ հանցագործությանը՝ դատի կտամ, ապացուցվեց, որ անմեղ է, ինչ հասարակական ընկալում, պահանջ  ուզում է լինեի՝ երբեք դատի չեմ տա: Բայց ապացուցվեց՝ ցանկացածին քրեական պատասխատվության կենթարկեմ, ընդ որում՝ կոնկրետ այս դեպքում, եթե ապացուցվեց, ես եմ մեղադրանքը առաջադրելու»,- հայտարարեց նա։

Գլխավոր դատախազը նշեց, թե ուղղակի չի պատկերացնում ուրիշ ինչ ձևերով և եղանակներով պետք է հասարակությանը, ցանկացած քաղաքացու ցույց տա, որ իր համար կարևոր չէ անձը, կարևորը ապացույցներն են:

«Չգիտեմ ինչպես ասեմ հարգելիս, հասկացանք, ես գլխավոր դատախազն եմ, բայց ես էլ եմ մարդ և ես ցանկացած հանցագործության դեպքում հասկանում եմ չէ՞, որ վաղն այդ հանցագործությունը իմ հարազատի նկատմամբ կարող է լինել, իմ անձի նկատմամբ կարող է լինել և ես չեմ կարող հանդուրժող լինել»,-ասաց նա:

Գևորգ Կոստանյանը նշեց, թե խնդիրը նրանում է, որ բոլորը միանգամից համարում են, որ տվյալ անձը մեղավոր է, բայց ոչ ոք չի մեղադրում: «Քննչական կոմիտեն հիմա քննություն է անցկացնում և շատ արդյունավետ, ապացույց ձեռք բերվեց՝ դատի կտամ ցանկացածին, Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած այլ Սուրիկ Խաչատրյանի: Այնպես որ, հանգի՛ստ եղեք, ես այդ խնդիրը չունեմ»,-ասաց նա:

Գլխավոր դատախազը հիշեցրեց, որ իր կոչումը օրենք պաշտպանելն է. «Ինձ համար կարևոր չէ ում է վնաս, թե ում օգտին է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել