Դերասանուհի Տաթև Սարգսյանը, ով հեռուստադիտողին հայտնի է «Հարազատ թշնամի», «Դժվար ապրուստ» սերիալներից, ընտրյալ ունի և պատրաստվում է ամուսնանալ: «Հիմա կյանքումս շատ գեղեցիկ շրջան է, ուրախալի է նաև, որ մարդիկ շնորհավորում են ինձ կյանքումս տեղի ունեցած անձնական փոփոխության համար: Օրս այնքան հագեցած է, անգամ մոռանում եմ ժամանակի գոյության մասին, բայց հավատացեք՝ ես այսպիսի երջանկության մասին եմ երազել: Սիրահարված եմ, և հետաքրքիր է, որ նա նույնպես իր երեսունհինգ տարվա ընթացքում առաջին անգամ է սիրահարվում: Ես ուրախ եմ, որ հենց իմ առաջին սիրո հետ եմ կապում ամբողջ կյանքս»,-Blognews.am-ի հետ զրույցում պատմեց դերասանուհին:
Դերասանուհու ընտրյալը 35-ամյա Կարենն է, ով մեծ է դերասանուհից տասներկու տարով. «Նա չափազանց հասուն տղամարդ է, այն, ինչ ես ցանկացել եմ տեսնել իմ զուգընկերոջ մեջ, նա ունի: Հասկացել եմ, որ ոչ թե պետք է սիրել մարդուն ինչ-որ հատկանիշի համար, այլ պետք է տեսնես, թե որքան է նա ցանկանում քեզ երջանկացնել: Ես միշտ պատկերացրել եմ, որ երեսունն անց տղամարդ է լինելու իմ կողքին, իհարկե ծնողներիս համար դա մի փոքր տխուր լուր էր, որ տարիքային տարբերությունն այնքան մեծ է, բայց նրա հետ ծանոթանալուց հետո հասկացան, որ նա այն մարդն է, ով պետք է լինի իմ կողքին»:
Տաթևի ընտրյալին այնքան էլ չի խանգարում այն հանգամանքը, որ Տաթևը հանրային մարդ է. «Մենք իհարկե ունեցել ենք այդ մասին խոսակցություն, նա ցանկանում է, որ փակեմ իմ կյանքի իմ այդ էջը, բայց ես դեռ փորձում եմ նրան համոզել, որ դա մեզ չի խանգարի: Գուցե լինեն ավելի կարճ նախագծեր, որտեղ ես մասնակցություն կունենամ: Իհարկե հասկանում եմ, որ դա խոսում է նրա խանդի մասին, իսկ յուրաքանչյուր աղջկան դա հաճելի է, բայց հավատացեք՝ ընտանիք ստեղծելն ավելի առաջնային է և կարևոր, քան կարիերան»:
Շուտով դերասանուհին կնշանադրվի և սիրելիի հետ բնակություն կհաստատի Մոսկվայում. «Շատ ենք շտապում, իհարկե ես պատրաստ չէի այս ամենին, հիմա հաճելի քաոս է կյանքումս: Պետք է հասցնենք տասն օրվա ընթացքում նշանադրվել և ամուսնանալ, որպեսզի նրա հետ մենկեմ Մոսկվա: Մեր հարսանիքը պատկերացնում եմ, որ պետք է լինի շատ մտերիմների շրջապատում, բայց ինձ համար առաջնային է Աստծո օրհնությունը եկեղեցում: Չգիտեմ՝ ինչպես կստացվի, քանի որ դեռ պետք է քննարկենք ծնողների հետ: Ես մոտ հինգ տարի է, ինչ ապրում եմ Հայաստանում, բայց Մոսկվան ինձ միշտ ձգել է, ուրախ եմ, որ մեկնում եմ, բայց երբեմն-երբեմն կգամ Հայաստան»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի