Միհրան Ծառուկյանը, Անի Երանյանը, Արփի Գաբրիելյանը, Գոռ Հակոբյանը, Գրիգոր Դանիելյանը, Մարջան Ավետիսյանը, Գարիկ Սեպխանյանը, Մոսո Կարապետյանը և Մենչն արդեն վերջացրել են «Ֆուլ հաուսի» երկրորդ եթերաշրջանի նկարահանումներն ու պատրաստվում են մեկնել Ռուսաստան, որտեղի 13 քաղաքներում կկայանա Միհրան Ծառուկյանի համերգն ու «Ֆուլ հաուսի» ներկայացումը։
Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, BlogNews.am-ին ասաց, որ արդեն ավարտել են փորձերը. մայիսի 25-ին նրանք կմեկնեն, իսկ 26-ին կկայանա առաջին համերգը։
Ըստ նրա՝ այս անգամ դերասանները մտավախություններ չունեն։ «Մտավախությունները հիմա արդեն քիչ են, քանի որ առաջին անգամ այս ձևաչափով ներկայանալուց հետո զգացին հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը։ Կարծում եմ՝ հիմա նրանք ավելի վստահ կլինեն»,- ասաց Արմենն ու հավելեց, որ ներկայացնելու են նույն ծրագիրը, ինչ եղել է ԱՄՆ-ում՝ փոքրիկ փոփոխություններով։ «Կան համարներ, որոնք փոփոխվել են՝ կապված տվյալ երկրի բնակչության առանձնահատկությունների հետ։ Խոսքը տեղական հումորների մասին է»,- ավելացրեց նա։
Այս շրջագայության ժամանակ ստեղծագործական կազմն ավելի խիտ գրաֆիկ է ունենալու։ ««Ֆուլ հաուսի» դերասանների համար սա յուրահատուկ փորձություն է, ինչպես ամերիկյան համերգը։ Եթե ԱՄՆ-ում մենք ունեցանք 2 համերգ և ընթացքում կարողացանք նաև զբոսնել, ռուսաստանյան համերգների ընթացքում ուղղակի չենք կարող մեզ նման բան թույլ տալ, որովհետև գրաֆիկը շատ խիտ է։ Քաղաքից քաղաք տեղափոխվելու ենք գնացքով և ավտոբուսով։ Կարծում եմ՝ հաճելի արկածներ կլինեն «Ֆուլ հաուսի» դերասանների համար, քանի որ նրանք դեռ չեն ունեցել նման շրջագայություն»,- նկատեց նա։
Մենչից տեղեկացանք, որ սեպտեմբերին նախատեսում են կրկին մեկնել Ռուսաստան՝ համերգներով ներկայանալու նոր քաղաքներում, իսկ դեկտեմբերին կրկին կլինեն ԱՄՆ-ում, որտեղ կներկայանան ամբողջովին նոր ծրագրով։ Ինչ վերաբերում է երևանյան համերգին՝ այն, հավանաբար, կկայանա հոկտեմբերին։ Ըստ Արմենի՝ ունեն հրավերներ նաև եվրոպական երկրներից. «Եթե այս տարի չհասցնենք մեկնել, Եվրոպա կգնանք հաջորդ տարի՝ մարտին»։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի