Tert.am-ը գրում է.

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին մասնակցել է Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմանը և այնտեղ հանդես եկել ողջույնի խոսքով: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահը շնորհավորել է ներկաներին 6-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ` նշելով, որ ազատ մրցակցությամբ, ժողովրդավարական սկզբունքներին համահունչ անցկացված ընտրությունները կարևոր հիմք են հանդիսանում նոր ձևավորված խորհրդարանի արդյունավետ աշխատանքի համար:

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին՝ իրենց աշխատանքի համար`հավելելով, որ նախորդ խորհրդարանն իրականացրել է բավականին ծավալուն աշխատանք օրենսդրական դաշտում` ընդգծված դերակատարություն ունենալով մեր հանրապետության ներքին և արտաքին քաղաքական կյանքում:

Անդրադառնալով 6-րդ գումարման Ազգային ժողովին` երկրի ղեկավարն ընդգծել է, որ այն, լինելով մշտական հիմունքներով գործող, պրոֆեսիոնալ խորհրդարան, պատասխանատվության բարձր աստիճան է պահանջելու յուրաքանչյուր պատգամավորից: «Սպասելիքները նոր խորհրդարանից առաջին հերթին վերաբերում են օրինաստեղծ գործունեությանը: Հույս ունենք, որ նոր որակ կհաղորդվի օրենքների մշակման աշխատանքներին՝ հաշվի առնելով զարգացած երկրների փորձը և մեր հանրապետության առանձնահատկությունները», - իր խոսքում ընդգծել է Բակո Սահակյանը:

Նախագահը կարևորել է նաև միջխորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված Ազգային ժողովի աշխատանքը` այն դիտարկելով որպես երկկողմ հարաբերությունների հաստատման և Արցախի միջազգային ճանաչման արդյունավետ միջոցներից մեկը:

«Ազգային ժողովի աշխատանքների արդյունավետ իրականացումը մեծապես կախված է այն քաղաքակիրթ, աշխատանքային և փոխադարձ հարգանքի մթնոլորտից, որը պետք է առկա լինի խորհրդարանում«»,- իր ելույթում նշել է Բակո Սահակյանը: Ըստ Նախագահի` նման մթնոլորտի ձևավորումը հանդիսանում է քաղաքական մշակույթի բաղադրամասերից մեկը, իսկ մեր պետությունը, գտնվելով յուրահատուկ աշխարհաքաղաքական իրավիճակում, պետք է ամեն ինչ անի, որպեսզի ունենա բարձր և օրինակելի քաղաքական մշակույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել