Իհարկե, մեր երկրի պարագայում արդեն պետք է զարմանալի չլինի այս կամ այն պատվիրակության մեջ որքան հնարավոր է շատ ու գործի հետ կապ չունեցող մարդկանց ընդգրկումն ու ավելորդ գումարների վատնումը, բայց ամեն անգամ նման դեպքի հանդիպելիս, միևնույն է, նյարդայնանում ենք:

Գաղտնիք չէ, որ այս օրերին Հայաստանի և աշխարհի հայերի ուշադրության կենտրոնում Եվրատեսիլ մեկնած մեր պատվիրակությունն է: Այսօր Genealogy խմբի ֆեյսբուքյան էջն էի ուսումնասիրում, Վիեննայից նրանց լուսանկարներ էի նայում, հրաշալի ժամանակ են անցկացնում, մի շարք արդյունավետ հանդիպումներ ունենում տեղի հայերի, լրագրողների ու պարզապես իրենց արվեստի երկրպագուների հետ: Իրականում սա շատ լավ է, եթե չլիներ մի ԲԱՅՑ... Ինչո՞ւ  է մեր պատվիրակությունն այդքան մեծ,  այդ բոլոր մարդկանց ներկայությունը Վիեննայում այդքան խիստ անհրաժե՞շտ է:

Գուցե ոմանք ինձ հետ համաձայն չլինեն, բայց այս պատվիրակությունում շատերի ներկայությունն ավելորդ եմ գտնում: 

Գիտենք, որ մեր երկրի մասնակիցների զգեստների հեղինակը դիզայներ Արմեն Գալյանն է: Զգեստները հրաշալի են ստացվել, մյուս մասնակիցների ֆոնին առանձնակիորեն տարբերվում էին, բայց ինչո՞վ էր պարտադիր Արմեն Գալյանի ներկայությունը Վիեննայում: 

Կամ պարուսույց Վարդուհի Ալեքսանյանը: Ինչպես երեկ տեսանք՝ մեր խմբի ելույթը պարային չէր, ու առանձնապես պարային էլեմետներ էլ չկային: Իսկ լուսանկարներից տպավորություն ենք ստանում, որ Վարդուհին Վիեննայում է պարզապես իր ընկերուհի Գոհարի հետ սելֆիներ անելու համար:



Ի դեպ, չհասկացա նաև Աննա Ավանեսյանի ներկայությունը պատվիրակության շարքում, հատկապես երբ նա ոչ մի տեղ չի երևում, և չի երևում նրա կատարած աշխատանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել