«Մանկական Եվրատեսիլ 2010»-ում հաղթած Վլադիմիր Արզումանյանը թեև վերջին տարիներին պասիվ է, բայց լռելու մտադրություն չունի։ Մասնագիտության հետ կապված նրա բոլոր նպատակները տանում են դեպի երգարվեստ, և ձայնի մուտացիոն շրջանի վերջնական ավարտին պես նա կվերադառնա ոլորտ։ BlogNews.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել 17–ամյա պատանու հետ։


-Վլադիմիր, ամիսներ առաջ նոր երգ թողարկեցիր՝ «Գալիս եմ հետ», սակայն վերադարձիդ կրկին լռություն հաջորդեց, ինչո՞ւ։

-Ինձ մոտ ձայնի մուտացիոն շրջանը դեռ չի ավարտվել, հավանաբար կես տարի էլ կշարունակվի։

-Իսկ ինչո՞վ էր պայմանավորված այս ընթացքում «Գալիս եմ հետ»-ը թողարկելը։

-Մտածում էի, որ մարդիկ կմոռանան ինձ։)  Բացի այդ, «Գալիս եմ հետ»-ն իր պատմությունն ուն. դա իմ հոգու ճիչն էր, որով հիշեցրի մարդկանց, որ ես դեռ կամ ու լինելու եմ։ Արդեն նոր գործ ունեմ, դիսկո ոճում է՝ իր ժանրով մոտ է «Մամային»։ Երգն աղջկա մասին է։ Նախատեսում եմ տեսահոլովակով ներկայացնել այն։

-Շուտով մասնագիտական ընտրություն անելուդ ժամանակն է. արդեն որոշե՞լ ես, թե որ ուղղությամբ ես շարունակելու ճանապարհդ։

-Ես իմ ճանապարհը երգի ասպարեզում եմ տեսնում։ Ցանկանում եմ հաջորդ տարի տեղափոխվել Երևան, ընդունվել Կոնսերվատորիա։ Այժմ սովորում եմ Ստեփանակերտի Սայաթ Նովային անվան երաժշտական ուսումնարանում՝ դասական վոկալի բաժնում, երկրորդ կուրս եմ։ Նաև Արթուր Գրիգորիչի մոտ եմ պարապում, երբ գամ Երևան, նրա հետ ավելի ինտենսիվ եմ պարապելու։

-Ընտանիքիդ հե՞տ ես գալու, թե՞ մենակ։

-Երևի մենակ՝ որպես ուսանող։

-Քիչ թե շատ գիտես ոլորտի բարդությունները։ Շատերը, ովքեր երգել են փոքր տարիքից, մասնագիտական ընտրություն կատարելիս գերադասում են այլ կրթություն ստանալ, որպեսզի երկրորդ մասնագիտություն էլ ունենան։ Դու այդ մասին մտածե՞լ ես։

-Չէ։ Միայն երգի մասին եմ մտածում։

Թեև ժամանակին ցանկանում էի նաև զինվորական դառնալ, սակայն այս մասնագիտությունները համատեղել հնարավոր չէ, և երգը հաղթում է։ Շատ եմ կարոտում երգը, նույնիսկ՝ բարձրախոսը։ Այս ընթաքում գնահատեցի, թե իմ կյանքում ինչ նշանակություն ուներ երգը։

-Ժանրային առումով կողմնորոշվե՞լ ես՝ վերջնական որ ուղղությունն ես ընտրելու։

-Ես իմ ոճով եմ շարունակելու ներկայանալ՝ փոփում։ Հիմա միայն մտածում ու երազում եմ, որ ձայնս փոխվի դեպի ավելի լավն ու սկսեմ երգել։ Թե ինչ երգ կերգեմ, արդեն երկրորդական է։

-Քո «Մամա» երգով մարդիկ քեզ հիշում են որպես շատ աշխույժ, ակտիվ, էներգետիկ տղայի։ Հիմա ինչպիսի՞ն ես։

-Հիմա էլ նույն էներգետիկան կա, ուղղակի պետք է երգն էլ այնպիսի երգ լինի, որ բեմում ցույց տամ ջերմություն։

-«Մաման» քեզ շատ մեծ հաջողություն բերեց, որովհետև «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից զատ ձեռք բերեցիր ժողովրդի սերը։ Ի՞նչ փոխվեց քո մեջ, որովհետև ճանաչումն ինքնաբերաբար բերում է աստղային հիվանդության, որից զերծ մնալը հատկապես այդ տարիքում շատ դժվար է։

- Ես դեռ չեմ նկատել նման բաներ իմ մեջ։ Ես հանգիստ փոքր երեխա եմ եղել, այդպես էլ մնացել եմ, միայն ուրախանում էի, որ մարդիկ սիրում են իմ երգը, այն լսվում է, Հայաստանն  առաջին տեղը զբաղեցրեց։

-Իսկ շրջապատիդ, ընկերներիդ վերաբերմունքը փոխվե՞ց։

-Իմ ընկերները մնացին այնպես, ինչպես կային, բայց շրջապատի վերաբերմունքը, իհարկե, փոխվեց. ավելի շատ էին ինձ ուշադրություն դարձնում։ Բարեկամներս, ծանոթներս էլ ասում էին, որ հպարտանում են ինձնով։

-Սպասո՞ւմ էիր էդպիսի հաջողության։

-Ես սպասում էի, որ հաղթելու եմ, որովհետև ի սկզբանե նպատակս դա էր և ջանք չէի խնայում։ Ինձ համար շատ դժվար էր. 6 ամիս պարապում էի, օրը 4 ժամ երգում։ Ես երեխա էի, ես էլի ուզում պաղպաղակ ուտել, սառը կոլա խմել, բակում խաղալ, բայց ինձ պահում էի։

-Ժամանակին ասել էիր, որ հաղթելու ես նաև մեծերի «Եվրատեսիլում»։ Հիմա է՞լ ունես այդ ցանկությունն ու վստահությունը։

-Ցանկություն կա, բայց դրա համար պետք է լավ պարապեմ։ Ես առհասարակ չեմ սիրում պարտվել, նույնիսկ ֆուտբոլ խաղալիս, մինչև վերջ գնում եմ։ Իսկ եթե պարտվում եմ, իմ մեջ նպատակ եմ դնում, որ ռևանշում հաղթելու եմ։

-Այս օրերին «Եվրատեսիլն» է, հետևո՞ւմ ես։

-Այո հետևում եմ ու հաջողություն մաղթում մերոնց։ Լավ երգ ունենք, կարծում եմ՝ տասնյակում կլինենք, քանի որ բոլորն էլ լավ են երգում։

այտնիությունը հիմա է՞լ է քեզ ուղեկցում, թե՞ ալիքը մարել է։

-Հիմա չեն ճանաչում, որովհետև շատ եմ մեծացել ու դեմքով էլ եմ շատ փոխվել։

-ԱՄՆ այլ նպատակով էիք մեկնել, բայց քո ցանկությամբ հետ եկաք։ Հիմա, երբ վերադարձել ես, կարոտո՞ւմ ես Ամերիկան։

-Այն ժամանակ շատ էի կարոտում Արցախը, ընկերներիս։ Ամերիկան այնքան էլ չեմ կարոտում, հիմնականում էստեղ լավ է ինձ համար, բայց կան քիչ բաներ, որոնք հիշում ենք ու կարոտում։ ԱՄՆ-ում մի լավ ընկեր ունեի, իր հետ գնում էինք զբոսնելու, այդ պահերն եմ կարոտում։

-Իսկ էստեղի ընկերներիդ հետ ինչո՞վ ես զբաղվում, ո՞ւր կարող եք գնալ։

-Գնում ենք մարզասրահ, ֆուտբոլ, բասկետբոլ ենք խաղում։ Օրվա կեսն ընկերերիս հետ եմ անցկացնում։ 5 ընկեր ենք ու հաճախ ենք իրար տուն գնում։ Ինչպես բոլոր ջահել տղաները, երբ հավաքվում ենք, աղջիկներից ենք խոսում:) 

-Հիմա շատ ակտուալ են համակարգչային խաղերը, դու տարվա՞ծ ես դրանցով։

-Հա ես էլ խաղում, չնայած չեմ տարվում։

-Սոցցանցերում ակտի՞վ ես։

-Այո, օրվա կեսն ընկերներիս հետ եմ անցկացնում, մյուս կեսը՝ համակարգչի առաջ, մի փոքր ժամանակ էլ դասերին եմ հատկացնում։)

-Հասցնո՞ւմ ես դասերդ։

-Այո։

-Հիմնական դպրոցի առարկաները սովորո՞ւմ ես, թե՞ որ գիտես՝ դու երգի մեջ ես խորանալու, ուշադրություն չես դարձնում դրանց։

-Այնպես չէ, որ խորանում եմ բոլոր առարկաների մեջ ու պարտադիր սովորում, բայց որոշներին ուշադրություն դարձնում եմ, սիրում եմ անգլերենը։ Հիմնականում վոկալս լավացնելու ուղղությամբ եմ խորացել։

-Կա՞ն առարկաներ, որ չես սիրում։

-Սոլֆեջիոն լավ է ստացվում ինձ մոտ, բայց չեմ սիրում։

-«Մաման» երգելիս սիրահարված էիր, իսկ հիմա՞։

-Հիմա չէ։

-Ինչո՞ւ։ Սա այն տարիքն է, երբ տղաներն օրը մեջ են սիրահարվում։)

-Իմ ուզածին չեմ հանդիպել։)

-Քույրիկիդ համար խի՞ստ եղբայր ես։

-Այո, չնայած դեռ փոքր է՝ 14 տարեկան։

-Մի քանի տարի առաջ քո հարցազրույցներից մեկում, անդրադառնալով քույրիկիդ հետ վեճերին, ասել էիր՝ վիճելը ո՞րն է, հո չենք կռվո՜ւմ։) Հիմա է՞լ եք կռվում։

-Կարող է 2 ամիսը մեկ կռվենք, բայց այնպես, որ 2 ամիս հիշելու բան ունենանք։)

-Ի՞նչը կարող է վեճի թեմա դառնալ։ Խանդո՞տ եղբայր ես։

Հիմնականում անկապ բաներն են կռվի պատճառ դառնում։ Ես խանդոտ չեմ (Վովայի մայրը, ով ներկա էր մեր զրույցին, միջամտեց ու ասաց, որ լավ էլ խանդոտ է:), օրինակ, երբ քույրը դասընկերների հետ ֆուտբոլ է խաղում, զայրանում է ու ասում, որ աղջիկը չպիտի ֆուտբոլ խաղա, հեղ.)։

Լավ, ի՞նչ ասեմ, ուրեմն, խանդոտ եմ։)

-Իսկ առհասարակ շո՞ւտ ես վեճի բռնվում։

-Չէ, արդեն դուրս եմ եկել այդ տարիքից։ Ես տաքարյուն եմ, եթե ինձ վիրավորեն, 2 անգամ ավելի վատ կվիրավորեմ, բայց եթե ինձ բան չանեն, ես չեմ կպնի մարդուն։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել