Վրաստանը տարածաշրջանում առանձնանում է իր քաղաքական կեցվածքով: Դեռևս 2003-ի նոյեմբերի 23-ից, երբ տեղի ունեցավ «վարդերի հեղափոխությունը», վրացական պետության քաղաքական վեկտորը հստակեցվեց՝ ուղղվելով դեպի արևմտյան հորիզոններ: Սակայն այս հեղափոխությանը տրված էր այդ նույն վեկտորի հստակությունը պահել մինչև 2012-ի խորհրդարանական ընտրություններ, երբ «ազգային շարժումը» պարտություն կրեց ընտրություններում՝ իր տեղը զիջելով նորաստեղծ «Վրացական երազանքին»:

Ահա այս պահից սկսվեց մի փուլ, որը հետո մասնագետները պիտի որակեին որպես «անորոշություն» կամ «քողարկված իրադրություն»: «Վրացական երազանքը» վրաց ժողովրդի երազանքները կարծես թե երազ էլ թողնում է: Այս են վկայում գործող կառավարության անկայունությունը և ընդհանրապես իշխանական կուլիսներում առկա բազմաթիվ տարածայնությունները:

Այս առումով միանշանակ և ակնհայտ էր «միացյալ ազգային շարժման» ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու պետական իշխանության տեսլականը: Հիմա կարծես թե բոլոր խաղաքարտերը խառնվել են, և Վրաստանը հայտնվել է անհասկանալի իրադրության մեջ: Սա է վկայում գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու տված հարցազրույցը «associated press» գործակալությանը:

Մարգվելաշվիլին հատկապես շեշտում է ռուսական ագրեսիայի մասին, որ 2008-ի պատերազմը և Ղրիմի անեքսիան ցույց են տալիս Ռուսաստանի վերաբերմունքը հարևան երկրների հանդեպ՝ օգտվելով ցանկացած անկայուն իրադրություններից: 
Ուշագրավ է այն, որ կարծես թե Վրաստանի գործող կառավարությունը նույնպես ուզում է հստակեցնել արտաքին քաղաքականության ուրվագիծը:

Ի տարբերություն Սաակաշվիլու քաղաքական գործելաոճի՝ վերջիններիս մոտ բավականին երկար ժամանակ է՝ իրադրությունները քողարկված են ներկայացվում հասարակությանը: Ստորագրվում են ՆԱՏՕ-ի և Եվրոպական մի շարք կառույցների հետ համաձայնագրեր, սակայն արդյունքում կարծես թե «ազգային շարժման» կիսատ թողած սայլը տեղից չի շարժվում:

Ստեղծված իրավիճակում «Վրացական երազանք»-ը հիշել է ԵՏՄ-ի գոյության մասին: Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների վերսկսումը որոշ դրական արդյունքներ է տվել: Եվ հիմա կարծես թե Վրաստանում նկատելի է ռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական և հասարակական կազմակերպությունների ազդեցության աճի միտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել