Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովում «ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի քննարկմանը, ըստ որի՝ 7 մլն եվրո վարկ է տրամադրվում ՀՀ-ի համայնքներին, որից 3.5-ը՝ դրամաշնորհի տեսքով, հարակից զեկուցող, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սուքիաս Ավետիսյանը զարմացավ, թե ինչ կա մանրամասն քննարկելու, երբ նման արտոնյալ վարկ է տրվում, դեռ կեսն էլ դրամաշնորհի տեսքով:

«Մեր փնթիությունը մի կապեք կառավարության հետ, այս վարկային ծրագրի հետ: Մենք, այո փնթի ենք, ավտոմեքենաններից աղբը նետում ենք հենց փողոց, կանայք աղբը տնից դուրս են բերում ու ուր ասես թափում: Մենք փնթի ազգ ենք»,-ասաց նա:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը խորհուրդ տվեց ՀՀԿ-ական պատգամավորին նման հայտարարությունից առաջ նույն փնթի գործելաոճը չորդեգրել. «Արդյո՞ք թեկուզ մեկ դոլար վարկը մենք մանրամասն չուսումնասիրելով՝ ինքներս չենք նույն փնթի վարքագիծը դրսևորում»,-ասաց նա:

Սուքիաս Ավետիսյանը նշեց. «Կրկնում եմ իմ ասածը, քո ասածի հետ կապ չունի, այո՛, մեր ազգաբնակչությունը փնթի է, և բերել այդ փնթիությունը կապել վարկային ծրագրի հետ, ես ճիշտ չեմ համարում»: 

Թևան Պողոսյանն էլ արձագանքեց. «Նորից եմ ասում՝ փնթիությունը ոչ միայն աղբ թափելն է, այլ վարքագիծ է, եթե մենք մեր աշխատանքում չլինենք հետևողական, նույնիսկ մեկ դոլարի համար, դուք լավ ասացիք, լավ վարկ է, կեսն էլ գրանտ է… Այս վերաբերմունքը նույն փնթիության սկիզբն է»։ 

ՀՀԿ-ական պատգմավորը պնդեց, թե ինքն իր կարծիքն ունի. «Ի՞նչ է պատահել, ինչի՞ եք խառնվել իրար: Ամեն մեկն իր կարծիքն ունի, սա էլ իմ կարծիքն է: Կներեք, բայց իմ ասածը չի վերաբերում, որ մանրամասն չքննարկենք, քննարկենք, բայց էլի են ասում, պետք չէ կապել մեկը մյուսի հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել