Մեկ դար առաջ Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրած տարածքները վերադարձնելու նպատակով Թուրքիային Հայոց եկեղեցու կողմից ներկայացրած դատական հայցը թուրքերի կողմից զավթված հայկական ունեցվածքը հետ վերադարձնելու «առաջին իրավական քայլն» է։ Երկուշաբթի օրն այս մասին հայտնեց համայն Հայոց եկեղեցու առաջնորդը։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը նշել է նաև, որ եթե թուրքական իրավական մարմինները մերժեն դատական հայցը, դա «կխորացնի բաժանումը» Թուրքիայի և 10 միլիոնանոց հայկական սփյուռքի միջև։

Արամ Առաջինը հարցազրույց է տվել «The New York Times»-ին Վաշինգթոնում Ցեղասպանության  հարյուրամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելուց հետո՝ ԱՄՆ հյուսիսարևելյան շրջանում հայկական սփյուռքի համայնքներ այցելության ընթացքում։

Նա 1915-23թթ-ին Օսմանյան թուրքերի կողմից իրականացրած 1.5 միլիոն հայերի կոտորածները միջազգային հանրության կողմից որպես ցեղասպանություն ճանաչելուն միտված ջանքերի առաջին ջատագովներից է։ «Ցեղասպանություն» նկարագրությունն ընդունվեց Ֆրանցիսկոս Պապի, Եվրոպական խորհրդի և աշխարհի ավելի քան 20 երկրների կողմից, սակայն շարունակվում է կտրականապես մերժվել Թուրքիայի կառավարության կողմից, որն այն պատմության խեղաթյուրում է անվանում։

Ամերիկյան շատ նահանգներ նույնպես կոտորածները ցեղասպանություն են անվանել։ Սպիտակ տունը դեռևս պետք է անի այս քայլը, սակայն Արամ Առաջինն ասել է. «Ես վստահ եմ, որ նախագահ Օբաման իր հոգու խորքում գիտի, որ սա ցեղասպանություն էր»։

Ապրիլի 27-ին եկեղեցու իրավաբանները դատական հայց են ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ հայտարարելով, որ Սիսի կաթողիկոսարանի, Թուրքիայի հարավային շրջանի Ադանա նահանգի Քոզանի շրջանի մի մասը զավթվել է Թուրքիայի կողմից և պետք է վերադարձվի։

1293թ-ին հիմնված Կաթողիկոսարանը, որը ներառում էր տաճարը և վանքը հայկական, քրիստոնեական կյանքի էպիկենտրոնն էր։ Դա հայկական տասնյակ հազարավոր գույքերից մեկն էր, որը բռնագրավվել ու թալանվել էր Օսմանյան կայսրության վերջին օրերի և կոտորածները վերապրած հայերի ցիրուցանի ընթացքում։ Կաթողիկոսարանը վերահիմնադրվեց 1930թ-ին Լիբանանի Անթիլիաս քաղաքում։

Լիբանանում ծնված Կիլիկիայի կաթողիկոսարանի առաջնորդ 68-ամյա Արամ Առաջինը նշել է, որ որոշել է դատական գործ սկսել 30 տարբեր իրավագետների հետ խորհրդակցելուց հետո, այդ թվում նաև Թուրքիայից իրավագետների։ Թեև Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում եկեղեցու ջանքերը կարևոր էին, «100 տարի անց, ես կարծում եմ, արդեն ժամանակն էր, որ մենք շեշտը դնեինք փոխհատուցման վրա»,- նշել է նա։

«Սա եկեղեցու տարածքն է»,- նշել է Արամ Առաջինը.

Սա առաջին իրավական քայլն է։ Սրան կհաջորդի բոլոր մյուս եկեղեցիները, վանքերը, եկեղեցու մյուս սեփականությունները և ի վերջո անձնական գույքը վերադարձնելու պահանջը։ Մենք պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք։

Դեռևս Սահմանադրական դատարանի կողմից ոչ մի պատասխան չի ներկայացվել դատական հայցին, և Հայոց եկեղեցու առաջնորդը կարծում է, որ դատավորներն անտեսում են այն։ Սակայն Քոզանի գավառապետ Մուսա Օզտուրկը հայցը ներկայացնելուց հետո մի քանի օրվա ընթացքում արձագանքեց՝ նշելով, որ եկեղեցին դեռ մարտ ունի կռվելու։

Ոչ ոքի ոչ մի թիզ հող անգամ չի փոխանցվի։

Օզտուրկը սա նշել է ի պատասխան թուրքական մամուլի մեջբերումների։ Քաղաքապետն ասել է, որ եկեղեցին սեփականությունը հաստատող փաստեր չունի։

Արամ Առաջինն ընդունել է, որ եկեղեցին սեփականության փաստաթղթեր չունի, սակայն նշել է, որ այդ մակարդակի ապացույցներն աբսուրդային է համարում՝ հաշվի առնելով գույքի ու սեփականության պատկանելիության ակնհայտ բնույթը։ «Սեփականությունն ակնհայտ է»,- նշել է նա։

Դրանք հայկական են։ Ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել դրանց պատկանելիությունը կամ ինքնությունը և/կամ այդ գույքի պատմությունը։

Եկեղեցու դատական հայցը պաշտպանող միջազգային իրավաբան, Մքջիլ համալսարանի պրոֆեսոր և ցեղասպանության հարցերով իրավական էքսպերտ Պայամ Ախավանը հեռախոսով տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ նա պատրաստվում է հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնել, եթե թուրքական դատարանը մերժի այն։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն ներպետական ամբողջ միջոցները պետք է սպառվեն, որպեսզի այսպիսի հայցը հնարավոր լինի լսել։

Ախավանը նշել է, որ դատական հայցը մանրակրկտորեն ձևակերպվել է՝ թուրքական իշխանությունների կողմից Ցեղասպանության հարցին հակազդելուց խուսափելու համար։

Մենք գույքը վերադարձնելու հայց ենք ներկայացրել։ Մենք չենք պահանջում Հայոց ցեղասպանության ընդունումը։ Մեր պահանջը շատ պրագմատիկ է։

Արամ Առաջինը նշել է, որ նա երբեք չի կարողացել այցելել կաթողիկոսարանի հինավուրց տարածք և որ վախենում է, որ տեղի իշխանությունները ջանքեր չեն խնայել դրա հայկական ինքնությունը մաքրելու համար։ Նա նաև ցանկացել է արտահայտվել այն տեսակետի մասին, թե եկեղեցու կոշտ դիրքորոշումը, ինչպես այն արտահայտվում է դատական հայցում, հակասում է քրիստոնեական հիմնական արժեքներից մեկին՝ ներման սկզբունքին։

Ներում են, երբ կա խոստովանություն, ապաշխարություն և մեղքի ընդունում։ Հաշտեցումը մեր մարդկային հավատքի ու արժեքների մասն է, սակայն առաջին հերթին Թուրքիան պետք է հաշտվի իր սեփական անցյալի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել