Հետաքրքիր տենդենց է նկատվում Հայաստանում: Փաստորեն, այսօր ով հասցնում է, իրեն հռչակում է քաղաքագետ ու սկսում ներքաղաքական գործընթացների վերլուծություն կատարել: Զարմանում եմ, մի՞թե ընթերցող կա: Ուղղակի զզվանք է առաջանում մոտս, երբ կարդում եմ մանկապարտեզային բովանդակության «վերլուծությունները»: Հարգելի զառանցող քաղաքագետներ, եթե անգամ այդ մասնագետն եք, ապա հենց առաջին կուրսում ձեզ պետք է ասած լինեին, որ ոչ մի իրեն հարգող լուրջ քաղաքագետ գործընթացներ վերլուծելիս չի ասում 100 տոկոսով լինելու է այսպես կամ այնպես, այլ դիտարկում է հավանական սցենարներ՝ այս կամ այն զարգացումը հաշվի առնելով: Իսկ ձեր տափակությունները կարդալիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես դուք անմիջականորեն այդ գործընթացի մասնակից եք եղել, ձեր աչքով տեսել եք՝ ինչ են այս կամ այն քաղաքական գործիչները իրար հետ խոսել ու պայմանավորվել: Հետևում է երկու բան. կա՛մ իրոք քաղաքագետ եք, բայց միայն դիպլոմով այլ ոչ ուղեղով, կա՛մ էլ՝ մարդիկ, ովքեր ուղղակի մի քանի կոպեկի դիմաց քաղաքական պատվերներ ընդունելով են զբաղված: Մի բառ պետք է կիրառեմ, չնայած կասկածով, որ այդ բառի նշանակությունը գիտեք: Խոսքը հերմենևտիկ տեքստերի մասին է, իսկ ձեր հոդվածները, չակերտավոր իհարկե, մի գրամ անգամ չեն տարբերվում այգիներում շրջան կազմած տարեցների բակային քննարկումներից: Որևէ ենթատեքստ չկա, ու բացահայտ է, որ ամեն մեկդ դարձել եք այս կամ այն քաղաքական ուժի խոսող ռադիոն: ԲՐԱՎՈ, ԲԵԼԻՍԻՄՈ: Շարունակեք նույն տեմպերով, քանզի լավ ծիծաղելու փայլուն աղբյուր եք գոնե ինձ համար: Տեսնենք էլ ինչ «բոց ու կրակներ են» ձեր հավաստի աղբյուրները ձեզ հայտնելու: Այսօր դեռ լավ չեմ ծիծաղել, մի նոր բոմբ գրեք, ծիծաղենք, գոնե կյանքներս կերկարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել