Tert.am-ը գրում է.

Անցյալ շաբաթ «Վաշինգտոն փոստ» թերթն իր «Կոնգրեսի տասը անդամների ուղևորությունը գաղտնի ֆինանսավորվել է օտար պետության կողմից» խորագրով ծավալուն հոդվածում բացահայտեց 2013 թ. Բաքվի համաժողովին մասնակցած 10 օրենսդիրների և նրանց աշխատակազմի 32 անդամների ամբողջովին վճարված ուղևորության սկանդալային մանրամասները: Համաժողովին որպես հրավիրյալ բանախոսներ մասնակցել էին նաև նախագահ Օբամայի երեք բարձրաստիճան խորհրդականները՝ Ռոբերտ Գիբսը, Ջիմ Մեսինան և Դեյվիդ Փլաֆը:

Բաքվում միջազգային նավթային հավաքի կազմակերպիչը՝ Ադրբեջանի Հանրապետության «Սոկար» պետական նավթային ընկերությունը, ըստ «Վաշինգտոն փոստի» ձեռք բերած Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովի գաղտնի զեկույցի, ամերիկյան երկու ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով փոխանցել է 750 հազար դոլար ուղևորության «ֆինանսավորման աղբյուրը թաքցնելու համար»: Եվս 750 հազար դոլար նվիրաբերել են «Բրիթիշ փեթրոլիում», «ՔոնոկոՖիլիպս» և «ՔեյԲիԷր» ընկերությունները՝ ավիատոմսերի, հյուրանոցային ծախսերի և նվերների համար:

Թերթը նաև հաղորդում է, որ «մինչ 2013 թ. մայիսի 28-29-ի համաժողովը, «Սոկարը» և մի քանի խոշոր էներգետիկ ընկերություններ [ներառյալ Իրանի ազգային նավթային ընկերությունը] փորձել էին ազատվել Իրանի նկատմամբ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցներից՝ Կասպից ծովի 28 միլիարդ դոլար արժողությամբ գազատարի համար»:  Ի դեպ, համաժողովից մեկ ամիս առաջ, «Սոկարը» Հյուսթոնում հիմնադրեց «Ադրբեջանի բարեկամների ասամբլեա» ոչ առևտրային կազմակերպությունը՝ նրա հաշվին փոխանցելով 750 հազար դոլար: Իսկ այս ծրագրում ներգրավված երկրորդ ոչ առևտրային կազմակերպությունը «Թուրք ամերիկացիների և եվրասիացիների խորհուրդն» էր, որը ևս հիմնադրվեց Հյուսթոնում: Երկու կազմակերպությունները, Քեմալ Օքսյուզի գլխավորությամբ, գրանցված էին Հյուսթոնի միևնույն հասցեում: Կոնգրեսը մի շարք օրինագծեր հաստատեց, որոնցով պատժեց Իրանին՝ միևնույն ժամանակ արտոնություններ սահմանելով «Սոկարի» նախագծի համար: Այնուհետև, Օբամայի ստորագրելուց հետո դրանք օրենքի ուժ ստացան:



Բաքու մեկնած տասը կոնգրեսականներն էին. Ջիմ Բրայդենշտայնը (Օկլահոմա), Իվետ Քլարկը (Նյու Յորք), Դենի Դևիսը (Իլինոյիս), Միշել Գրիշամը (Նյու Մեքսիկո), Ռուբեն Հինոջոզան (Տեխաս), Լեոնարդ Լանսը (Նյու Ջերսի), Շելա Ջեկսոն Լին (Տեխաս), Գրեգորի Միքսը (Նյու Յորք), Թեդ Փոյը (Տեխաս) և Սթիվ Ստոքմանը (Տեխաս):

Էթիկայի հանձնաժողովի հետաքննողները բացահայտեցին, որ այս օրենսդիրները, իրենց ամուսինների և հարսնացուների ընկերակցությամբ, ստացել էին մի շարք նվերներ, ներառյալ « բյուրեղապակյա թեյի սպասքներ, մետաքսե շարֆեր, փիրուզե ականջօղեր, ոսկենախշ ափսեներ և ադրբեջանական գորգեր.... Բոլոր օրենսդիրները ստացել են առնվազն մեկ, իսկ ոմանք՝ երկու գորգ, որոնցից մեկը փոքր չափսերով՝ նախատեսված աղոթքի համար, իսկ մյուսը՝ մեծ: Գորգեր ստացան նաև աշխատակազմի շատ անդամներ»:

Իրենց անօրինական կամ ոչ պատշաճ գործողություններն արդարացնելու նպատակով այս օրենսդիրներից ոմանք ծիծաղելի հայտարարություններ արեցին Կոնգրեսի հանձնաժողովի հետաքննողներին.

- Կոնգրեսական Դևիսը հայտարարեց, որ Բաքվի համաժողովի ժամանակ նա «ստացել է մեկ գորգ, որը բերել էին նրա հյուրանոցային համարը»: Նա ասաց, որ մտածել է այդ գորգը որևէ թանգարանի կամ բարեսիրական միության նվիրելու մասին...



- Կոնգրեսական Հինոջոզան ասաց. «Ես կարծում էի, որ իմ ստացած հուշանվերները նվազագույն արժեք ունեն և համապատասխանում են Ներկայացուցիչների պալատի Նվերների մասին կանոններին»:

- Ներկայացուցիչ Միքսի մամուլի քարտուղար Լադան Ահմադին հայտարարեց, որ կոնգրեսականը «ենթադրել է, թե գորգը թույլատրելի համարվող նվեր է»:

- Կոնգրեսական Լանսի աշխատակազմի բարձրաստիճան մի անդամ «Վաշինգտոն փոստ»-ին ասաց, որ կոնգրեսականը «Վաշինգտոն վերադառնալուց հետո վերադարձրել է իր ստացած մի գորգը: Աշխատակազմի անդամը նաև նշեց, որ Լանսը մի զույգ ականջօղ է ստացել և փոխհատուցել 100 դոլար համաժողովի կազմակերպմանը օժանդակող ոչ առևտրային խմբին Նյու Ջերսի վերադառնալուց անմիջապես հետո»:

- Կոնգրեսական Գրիշամը էթիկայի հանձնաժողովի հետաքննողներին ասաց, որ նա  չի հայտնել գորգերի մասին, որովհետև չի կարծել, թե դրանք առանձնապես արժեքավոր են: Նա նաև դրանք ոչ հրապուրիչ է համարել. «Դա այն կարպետը չէր, որ ես կցանկանայի գնել»:

- Կոնգրեսական Բրայդենշտայնը միակ օրենսդիրն էր, որ բացահայտեց գորգերի մասին իր ֆինանսական զեկույցում. «Նա  փոքր գորգը գնահատել էր 2500 դոլար, իսկ մեծը՝ 3500»:

«Վաշինգտոն փոստը», մեջբերելով էթիկայի զեկույցից, բացահայտեց, որ ներկայացուցիչներ Քլարկը, Գրիշամը, Հինոջոզան, Լանսը և նրանց աշխատակազմի անդամներն այդ ուղևորության ընթացքում նաև « մեկնել են Թուրքիա, այցելել Ստամբուլ, Անկարա կամ երկուսը միասին.... Բոլոր ծախսերը հոգացել է «Բարեկամության և համագործակցության Բոսֆորի ատլանտյան մշակութային միություն» թուրքական ոչ առևտրային կազմակերպությունը, ասված է զեկույցում: Օրենսդիրները չեն բացահայտել այդ կազմակերպության դերը»:

Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովը եզրակացրեց. ««Սոկարը» և «Ադրբեջանի բարեկամների ասամբլեան» նվերներ են մատուցել Կոնգրեսի ճանապարհորդներին ճանապարհածախսերի անթույլատրելի ձևով՝ խախտելով Ներկայացուցիչների պալատի կանոնները, կանոնակարգերը և դաշնային օրենքը» , իսկ «Թուրքիա ուղևորված կոնգրեսականները ճանապարհածախսի վճարներն ընդունել են անթույլատրելի աղբյուրներից, ինչը հանգեցրել է անթույլատրելի նվերի՝ խախտելով Ներկայացուցիչների պալատի կանոններն ու կանոնակարգերը»: Բացի այդ, հետաքննողները հաղորդեցին, որ Ադրբեջանի կառավարությանն առընթեր հինգ ոչ առևտրային կազմակերպությունները հաստատեցին, որ իրենք են հովանավորել համաժողովը՝ լրացնելով հայտարարագրեր Էթիկայի հանձնաժողովի հետ 2013 թ. ապրիլ և մարտ ամիսներին: «Հինգ հովանավոր կազմակերպությունները չեն օժանդակել կոնգրեսականների ճանապարհորդությանը՝ չնայած կեղծ հավաստիացման ձևերի, որ ներկայացրել են Էթիկայի հանձնաժողովին»:

«Վաշինգտոն փոստ» թերթը հաղորդեց, որ այս տվյալները հանձնվել են Էթիկայի հանձնաժողով՝ հետաքննելու Կոնգրեսի կանոնակարգի և դաշնային օրենքների հնարավոր խախտումները, որոնք արգելում են օտարերկրյա պետությունների կողմից Միացյալ Նահանգների քաղաքականության վրա ազդելու փորձերը:

Խիստ մտահոգիչ է, որ կոնգրեսականները պատրաստ են վաճառել իրենց քվեները ադրբեջանական և թուրքական կոռումպացված կառույցներին մի ձրի գորգի համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել