Երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանը վերջին շրջանում նոր տեսահոլովակներ չի ներկայացնում, բայց Blognews.am–ի հետ զրույցում նշեց, որ շատ տարբեր նորություններ ունի. «Ոչ մի տեսահոլովակ չեմ պատրաստվում ներկայացնել, եթերում չկամ, քանի որ մարդիկ եթերում լինելը տեսահոլովակ ներկայացնելն են համարում, ես էլ չեմ ուզում ավելորդ գումար ծախսել տեսահոլովակների վրա: Հիմա երգեր եմ գրում տարբեր երգիչների համար»:
Արսենը սկզբում չէր ուզում խոսել այս մասին՝ պատճառաբանելով, որ ինչ պատմում է, հետո չի ստացվում, բայց, այնուամենայնիվ, անկեղծացավ. «Սոնա Ռուբենյանի, Անահիտ Շահբազյանի համար եմ գրել, Արամեի համար էլ հայրիկի մասին երգ, իսկ Հռիփսիմե Հակոբյանի համար մայրիկի մասին երգ եմ գրել, որոնք շուտով կներկայացնենք: Ինձ համար էլ եմ երգեր գրել»:
Արսենը շուտով երգ կներկայացնի Սոնա Ռուբենյանի և Հռիփսիմե Հակոբյանի հետ. «Շոու բիզնեսում և եթերում լինելու համար պարտադիր է, որ երգիչը տեսահոլովակ ունենա, պարզապես պետք է հասկանալ՝ այդ փողերն ինչի վրա ծախսել՝ արվեստի՞, թե՞ երկու հոգու ականջ լցնելու համար, որ մեզ կանչեն հարսանիքներ, և մենք էլ գոյատևենք այդ փողերով: Մենք ապրում ենք այն երկրում, որտեղ շոու բիզնես չկա, այստեղ պետք է ստեղծել երգեր, որ հարսանիքների, կնունքների, ծնունդների համար կատարեն: Որակով երգերիս համար ինձ երբեք ոչ մեկը հարսանիքի չի կանչել, ես էլ ոչ մի կոպեկ փող չեմ աշխատել այդ երգերով: Ես իմ ամբողջ կյանքը երգել եմ առանց բիզնեսի մասին մտածելու, բայց այն երգերը, որոնք պատրաստվում են ներկայացնել, ինչ-որ չափով կոմերցիոն բնույթ են կրում: Արդեն հարսանեկան երգ եմ պատրաստում, մի երգ էլ՝ ծննդյան խնջույքին նվիրված և այդպես շարունակ»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի