Tert.am-ը գրում է.

Հայ ժողովուրդը իր վրա է զգացել, թե ինչ կարող է բերել այլատյացությունը, երբ դրա հետևանքով իր վրա զգաց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Ազգային Ժողովում այսօր մեկնարկած ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին ` իր ողջույնի խոսքում ասաց ԱԺ նախագահը:

«Ցավոք, 21-րդ դարում այդ երևույթը օրակարգային է: Այն ծնում է ռասիզմ, բռնություն, որն էլ ի վերջո վեր է ածվում հակամարտությունների»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

Նրա խոսքով` այսօր էլ Հայաստանն այլատյացության ու ռասիզմի հետևանքները զգում է հարևան Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ այն սերմանում է բացասական վերաբերմունք Հայաստանի հանդեպ: «Մենք բոլորս պետք է մեր ուժերը համախմբենք հանուն ապագայի: Ամբողջ աշխարհը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի անհանդուրժողականության մթնոլորտը վերացնելու համար»,- ասաց ԱԺ նախագահը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ հարաբերություններին:

«Մեր համատեղ ջանքերի արդյունք տեսանելի է: Զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստանի սոցիալական զարգացման, պետական կառույցների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի բարելավման ոլորտներում: Հայաստանը ազատ խոսքի և ազատ մամուլի երկիր է, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ Հայաստանում կա կայացած քաղաքացիական հասարակություն, որը բարձրաձայնում է իրեն հուզող ցանկացած հարց:

Քննարկումը շարունակվում է, և Մարդու իրավունքների դատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը օտարերկրյա պատվիրակություններին է ներկայացնում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում մարդու իրավունքների բաժնին վերաբերող փոփոխությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել