http://favim.ru/orig/201112/03/devushka-blondinka-pole-dyry-rvanye-dzhinsy-Favim.ru-17737.jpgՄարդկային կյանքի անսահման հմայքի գաղտնիքներից մեկը թերևս նրա ամեն շրջադարձի հետևում կանգնած թեթևսոլիկ ուղեկցորդուհին է՝ Անսպասելիությունը: Նա անառակ կնոջ ծախու պատրաստակամությամբ թևանցուկ ուղեկցում է մեզ ճիշտ մինչ հաջորդ շրջադարձը ու այնտեղ մեր ձեռքը հանձնում իր բազմաթիվ ընկերուհիներից որևէ մեկին:
Խելահեղ արագությամբ միմյանց հաջորդող հանդիպումներից ամեն մեկը, մի հնամաշ երթուղայինում Ձեզ հրած անծանոթի՝ ատամների արանքից անփութորեն նետած կոպիտ խոսքը, մշտապես ինչ- որ տեղ շտապող ամբոխի միջից արևի շլացուցիչ մեղմությամբ Ձեզ ողողած անսպասելի ժպիտը կամ մի անանուն ծառուղում իրեն գրկած ընկերոջից ազատվել երազող աղջկա՝ Ձեր պատահականորեն որսած գողունի հայացքը կարող են դառնալ մինչ այդ հանդարտ ընթացող կյանքն անվերադարձ խորտակելու ունակ դեպքերի առաջին ազդանշանը:
Ամառային այն արևոտ օրը, երբ ընկերոջս հետ գնացի ճղած ջինսերով աղջկան տեսնելու, ես՝ ինձ բավականին ուժեղ համարող , հասուն տղամարդս , չէի կարղ պատկերացնել, որ նրա հմայիչ ժպիտը դառնալու է իմ կյանքին այսուհետ մշտապես ուղեկցող անհույս տխրության խորհրդանիշը:
Կորստի վշտին հեշտ է դիմանալ, որովհետև անցյալի մշուշում անվերադարձ կորած երջանկության ուրվագծերը մշտապես փնտրող Ձեր գիտակցությունը, այնուամենայիվ, գիտի իր կորստի իրական չափը ու հասկանում է սեփական վշտի սահմանները: Երբևէ չունեցած, բայց մի վաղանցուկ, գողացած համբույրի չափ կարճ մի պահ հասանելի համարված երջանկության դիակի վրա լուռ ողբալու մարդուն վիճակված բաժինը ճակատագրի ամենից սատանայական հեգնանքն է, ամենից անողորմ պատիժը: Երևակայությունը հարբեցողի պես անզուսպ մեծացնում է կորուստի չափերը, միայնակ երեկոն թվում է ավելի անարդար ու տխուր, երբ, փաթաթվելով ծածկոցի մեջ, զուր որոնում ես ես նրա՝ քեզ այդպես էլ երբեք չգրկած ձեռքերի ջերմությունը, ու դատարկ սենյակում լսում երբեք չծնված մանուկների կարկաչուն ծիծաղի արձագանքը ….

Գիտեմ, կանցնեն տարիներ ու իմ ճղած ջինսերով անհունորեն գեղեցիկ աղջիկը կդառնա իր ամուսնուն վաղուղ անասելիորեն հոգնեցրած մի սովորական կին, որի հետ ապրել պարտադրում է սովորույթի ուժն ու ընդհանուր երեխաների անմեղ հայացքը, ապագայի մի այլ տարբերակում նրան մինչ կյանքի վերջ կուղեկցեն սիրեցյալի լուռ հիացմունքն ու իր ոսկեսիրտ մանուկների անսահման սերը, բայց ոչ մեկի կյանք նա այլևս չի մտնի երազանքի դարպասները կրնկահան անելով ու հեռանա ՝ թողնելով միայնության անծայրածիր սառցադաշտեր:
Երբ տարիներ հետո Երևանի փողոցներից մեկում հանդիպեմ նրան՝ հոգսերի ծանրությունից կքած կամ իր երջանկությունը շռայլորեն սփռող, աղքատության խոնավ մի կիսանկուղում վաղեմի հմայքը կորցրած կամ նախկինից էլ ավելի գեղեցիկ այդ օտար կնոջը, ես կշրջեմ հայացքս՝ ամեն անծանոթ պչրուհու սլացիկ ուրվագծերում փնտրելով նրան՝ Ճղած ջինսերով սիրելի աղջկան…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել