Tert.am-ը գրում է.

Անակնկալ ստուգումների նպատակով մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված և Տաջիկստանի Հանրապետության տարածքում բացազատված ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումները շարունակում են կատարել ուսումնական մարտական խնդիրները:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Տաջիկստանի «Խարբմ այդոն» զորավարժարանում այսօր` մայիսի 18-ին, տեղի է ունեցել հանկարծակի ստուգման վարժանքի ավարտական փուլի գլխավոր փորձը, որի ընթացքում ներգրավված ազգային զորախմբերը դրսևորել են մարտական բարձր պատրաստականություն և սցենարին համապատասխան` բարձր պատասխանատվությամբ իրագործել են առաջադրված խնդիրները:

Մարտական կրակի կիրառմամբ և անցկացված զորախաղի ընթացքում հատուկ ստորաբաժանման խմբերը, որոնց կազմում է գործում նաև հայկական ստորաբաժանումը, հետախուզել են տարածքը, հայտնաբերելով անօրինական գործող զինված խմբավորում` մարտի են բռնվել վերջինիս հետ, ոչնչացրել են պայմանական հակառակորդին և գերեվարել գլխավոր ուղղությամբ գործող խմբավորման ղեկավարին: Միաժամանակ` հայկական զորախումբն իր գործողություններով ապահովել է արագ արձագանքման հավաքական ուժերի այլ ստորաբաժանումների առաջխաղացումը:

Անակնկալ ստուգման վարժանքին մասնակցում են ՀԱՊԿ անդամ պետությունների ավելի քան 2500  զինծառայողներ, շուրջ 200  միավոր մարտական տեխնիկա,  երկու տասնյակ միավոր մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել