Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, թե էլեկտրաէներգիայի թանկացումը կանխելու համար հարկավոր է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Հենց այդ նպատակով էլ ըստ նրա՝ ստորագրահավաք էին կազմակերպել, որին միացել են 16 պատգամավորներ՝ ՀԱԿ-ից, ՕԵԿ-ից և «Ժառանգություն»-ից:

«Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումն ամենաադեկվատ որոշումն էր, քանի որ խայտառակություն է տեղի ունենում, չէ՞ որ թալանվել է 250 մլն դոլար, ինչը ցանկանում են բարդել մեր հասարակության գլխին»,- ասաց Լևոն Զուրաբյանը, ում խոսքով՝ ՀՀ իշխանությունները չունեն քաղաքական կամք` թալանի դիմացն առնելու համար:

«Եթե իշխող քաղաքական ուժը կամք ունենար, ապա դատախազությունը վաղուց արդեն քրեական գործ էր բացել և սկսել էր ուսումնասիրություն կատարել ՀէՑ-ում, բայց չեն անում»,-ասաց նա:

Այս խնդրով նախորդ ուրբաթ կազմակերպված հանդիպմանը ՀԱԿ խմբակցության ղեկավարը  նույն բանն է առաջարկել իշխանական ուժերին:

«Գալուստ Սահակյանին ասել եմ, որ սա ընդդիմության կամ իշխանության կռվի հարց չի, այստեղ ոչ մեկ դափնիներ չի ցանկանում պոկել, սա վերկուսակցական հարց է, որը հուզում է ամբողջ ժողովրդին: Լինելով ՀՀ իշխող ուժ` պետք է ինքներդ շահագրգռված լինենք, որ հանրային վերահսկողություն հաստատվի էլեկտրաէներգիայի բնագավառում տիրող վիճակի վրա, բայց իշխող կուսակցությունը ոչ միայն հրաժարվեց դա անել, այլ նաև այսօր այս ագրեսիվ կեցվածքն է որդեգրել՝ թույլ չտալով, որ մենք խոսենք և մեր տեսակետն արտահայտենք»,- ասաց նա:

ՀԱԿ պատգամավորը վստահ է՝ ամեն ինչ արվում է, որ ճշմարտությունը չբացահայտվի: «Ամեն ինչ արվում է, որ քննարկումներ չծավալվեն, քանի որ չունենք պետություն, որը կհետևի օրինականությանը»,-ասաց նա:

Նշենք, որ ժամանակավոր հանձնաժողովի չի ձևավորվի՝ բավարար ստորագրություն չլինելու պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել