Հայկական շոու բիզնեսի յուրահատուկ ձայներից մեկը՝ Նարինե Դովլաթյանը, այս շրջանում զբաղված է հայտնի քավր երգեր ձայնագրելով, որոնք կլինեն կիթառի նվագակցությամբ: «Հեղինակային երգերի մասին դեռ չեմ ուզում խոսել, դրանց վրա կսկսեմ աշխատել, երբ ավարտեմ ձայնագրությունները: Ակումբային համերգները ևս շատ են, ինչպես նաև հաճախ եմ մեկնում համերգային շրջագայությունների»,-Blognews.am-ի հետ զրույցում պատմեց երգչուհին:

Նարինեն վերջերս որպես ժյուրիի անդամ մասնակցել է թղթե ինքնաթիռներ պատրաստելու մրցույթին, որի ժամանակ էլ հետաքրքիր առաջարկ է ստացել. «Գնացել էի գնահատելու ինքնաթիռների դիզայնը, իսկ ժյուրիի կազմում էր Արմեն Սարգսյանը, ով Հայաստանում պարապլանով զբաղվող առաջին մարդկանցից է և այս պահի դրությամբ ամենաշատ փորձ ունեցողը: Միջոցառումից հետո ես նրան հրավիրեցի իմ համերգին, իսկ նա՝ թռչելու»:

Սա Նարինեի առաջին փորձն էր, խոստովանում է՝ շատ հաճելի էր, իսկ ստացած էմոցիաները պարզապես աննկարագրելի էին. «Այնպես չէր, որ չէի վախենում, բայց Արմենին վստահում էի: Ես ավելի շատ փորձում էի հաճույք ստանալ: Չեմ բացառում, որ ևս մեկ անգամ կթռչեմ և մինչ այս չգիտեի, որ սիրում եմ էքստրեմալ սպորտ, այս ամենից հետո համոզվեցի դրանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել