«Նորաձևությունն ազատություն է. յուրաքանչյուր ոք պետք է հագնի այն, ինչ իրեն սազում է»,- կարծում է ոճաբան Ֆաինա Հարությունյանը։ BlogNews.am-ի հետ զրույցում Ֆաինան ասաց, որ միակ բանը, որ ինքը հակաթրենդային է համարում, վուլգարությունն է, իսկ առհասարակ, կարևորն այն է, որ մարդն իրեն ներդաշնակ զգա։

Փայլ

Չափից ավելի փայլփլուն շորիկները, կոշիկները նորաձևությունից դուրս են։ Համապատասխան վայր գնալուց գուցե կարելի է հագնել դրանք, սակայն  առավոտյան դասի գնալիս դա հակաթրենդ է։ Շատ ոսկին ևս ինձ համար գեղեցիկ չէ։ Եթե մի թևնոց պակաս լինի, հաստատ ավելի սիրուն կնայվի, սակայն ես չեմ կարող ասել, թե կոնկրետ այսինչ թևնոցը հակաթրենդային է։ Փայլի չարաշահումն է, որ դառնում է հակաթրենդային։

Լցրած շրթունքներ

Ամբողջ աշխարհը դեմ  է գնում այդ «հսկայական շուրթերին», մերոնք նոր հասկացել են, որ պետք է լցնել շուրթերը։ Անբնական լինելը նորաձև չէ։ Պետք է լինել շատ բնական։ Անբնական, դրած մազերը ևս հակաթրենդ են։

Չխնամված եղունգներ

Աղջիկը պետք է խնամված լինի։ Նրա եղունգները չեն կարող լինել կրծած, չխնամված։

Վառ դիմահարդարում

Մեր աղջիկները շատ են սիրում շատ վառ make-up: Միշտ չէ, որ հարսանիք գնալիս պետք է վառ դիմահարդարում անել։ Դա էլ է շաբլոն. նույն ձևով հանած կամ «լցրած» հոնքերը, նույն լցրած շուրթերը, դիմահարդարումը շաբլոն են, իսկ շաբլոն լինելը հակաթրենդ է։

Չհագնել կիպ կարճ շորտ, եթե Ձեզ չի սազում

Կիպ կարճ շորտերն այս սեզոնին շատ նորաձև են, սակայն ես ուղղակի խնդրում եմ, որպեսզի բոլորը չհագնեն դրանք։ Եթե ոտքերը գեղեցիկ չեն, կամ աղջիկ գեր է, նույն այդ կիպ, կարճ շորտերը հակաթրենդ են դառնում։ Նույնը կարելի է ասել լասինաների մասին։

Նույն գույնի պայուսակ և կոշիկ

Եթե նախկինում թրենդ էր, որ կոշիկն ու պայուսակը պետք է մի գույնի մեջ լինեին, հիմա այդպես չէ։ Ասում են՝ եթե Դուք համադրել եք կոշիկն ու պայուսակը, նշանակում է, որ տարիքով մեծ եք, որովհետև դա շատ հին ինֆորմացիա է։ Արդեն մի քանի սեզոն է՝ դրան ուշադրություն չեն դարձնում։

Ոտքից գլուխ մի բրենդից հագնվելը

Ինձ համար ամբողջությամբ բրենդային հագուստը ևս շատ վատ է։ Իմ կարծիքով՝ դա ազատություն չէ, ուղղակի ուզում ես ցույց տալ, որ ունես այդ հնարավորությունը։ Այն մարդը, ով ունի այդ հնարավորությունը, հեշտությամբ կարող է համադրել տարբեր բրենդները, սակայն նախընտրում է ամբողջությամբ մի բրենդից հագնվել։

Նյութը Ամալյա Հովհաննիսյանի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել