Tert.am-ը գրում է.

Ներկայումս թանգարաններն ու թանգարանային գործը կարգավորվում են որոշակի իրավակարգերով, ընթացակարգերով, սակայն չկա թանգարանների մասին օրենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը՝ նշելով, որ հարցի լուծումը նախորդ տարի եղել է նախարարության գերակա ուղղություններից մեկը: 

««Թանգարանների ու թանգարանային գործի մասին» օրենքը հավանության է արժանացել կառավարության կողմից, այժմ սպասում ենք, որ օրենքի նախագիծը ուղարկվի Ազգային ժողով»,-ասաց նա: 

Հարցին, թե այդ դեպքում մշակութային ժառանգության պահպանման հարցը ինչպես է կարգավորվում, փոխնախարարը պատասխանեց, որ մինչ օրս ընդունված մշակութային արժեքների ներմուծման, արտահանման մասին, ոչ նյութական մշակութային ժառանգության մասին, գրադարանների և գրադարանային գործի մասին օրենքներով: 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է գնահատում երկրում մշակութային ժառանգության պահպանումը, Արև Սամուելյանը նշեց, որ հարցն իրականում օրենքների հետ կապ չունի:

«Կապ ունի հիմնականում մարդկանց կրթվածության հետ, ինչքան էլ պետական քաղաքականություն վարվի, հսկիչներ լինեն, եթե գյուղի բնակիչը, չճանաչի, չպահպանի ու չգուրգուրի իր մշակութային ժառանգությունը, ոչ մի օրենք չի օգնի»,– ասաց նա:

Նա նաև կարծիք հայտնեց, որ հայերն ունեն այդ ներուժը՝ հասկանալու պահպանության կարևորությունը: «Օրինակ՝ «Թանգարանային գիշեր» ծրագիրը հանրահռչակման գիշեր է, երբ մարդիկ ընտանիքներով են այցելում ու մեր երեխաները, շփվելով մշակութային արժեքների, հետագայում կգիտակցեն այս ամենի պահպանման կարևորությունը։ Մի ազգ,  որն իր ձեռագրերն է փրկել արհավիրքներից, ինչպե՞ս կարող է չպահպանել իր մշակութային ժառանգությունը»,– ավելացրեց Արև Սամուելյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել