Անշուշտ, արևմտյան քաղաքակրթությունը փարոսն ա համայն մոլորակի, էն անհասանելի պտուղը, որին 3-րդ աշխարհի ժողովուրդները, լոզերը կախ, նայում են միշտ ցածրից: Կատարելիության հասնող վարքի ու բարքի արգանդը, առօրյան իմաստավորող ծեսերի ու սովորույթների դարբնոցը, որ որպես ընծա սփռվում ա ամբողջ աշխարհով, ժողովրդավարության էքսպորտ նախագծի անվան ներքո: Երբեմն մշակույթային այդ ինվազիան ինքնասիրություն ունեցող տերություններում հայտնվում ա բարձր պատնեշների առջև և ժողովրդավարության էքսպորտը  հարկ ա լինում կատարել ռումբերի տեսքով: Կարճ ասած, Բուշը Սադամի առջև ուլտիմատում էր դրել. կա՛մ Բաղդադում  ամեն երկրորդ քայլափոխին պիտի լինի մեկ McDonalds, մեկ Subway, մեկ Tiffanys և տարին մեկ պիտի նշեք մեկ Valentine’s Day, մեկ Thanksgiving, մեկ Halloween, կա՛մ Բաղդադի երկնակամարում կնշմարվի US Airforce ու կռմբակոծի քեզ դեպի 21-րդ դարի վերջին, update արած դեմոկրատիայի գիրկը: Կարճ ասած՝ «Des Bonbon ou la mort» կամ «trick or treat»: Վերջում եղավ, ինչ եղավ:

Իմիջայլոց, որևէ երկիր գրավելուց գրավում են ամբողջովին, յուրաքանչյուր կառույց իր ենթակառույցով հանդերձ, ամեն մի հաստատություն իր մասնաշենքերով հանդերձ, դպրոց, մանկապարտեզ, բուհ, ծերանոց, բերդ ու բորդել, բոլորը խոնարհվում են սրբության սրբոց կապիտալիզմին: Էդպես Երկրորդ համաշխարհայինի վերջում էլ մի քանի տարիների ընթացքում ընկավ նաև ողջ Եվրոպան, այս անգամ, փառք Աստծո, ռումբեր չէին. Աստվածամոր տաճարը կանգուն է դեռ:

Ու էսօր մի քանի ժամ առաջ թակեցին դուռս: Քանի որ ոչ ոքի չէի սպասում, զարմացա ու բացելուց առաջ նայեցի դիտանցքից: Մի քանի էրեխեք էին՝ ինչ-որ անկապ, տարօրինակ շորերով: Միանգամից մտաբերեցի էսօր փողոցում պատահական աչքիս ընկած աֆիշան. «Helloween Party – dance before you die» ու հիշեցի… էսօր Հելոուին ա: Աչքերս շտապ փնտրեցին սեղանին դրված ափսեն, որտեղ սովորաբար քաղցրավենիքներ եմ լցնում… Դատարկ էր: Տեր աստված, բա էս էրեխեքին ի՞նչ տամ ես, մեղք չե՞ն էս ցրտին, բուք ու բորանին սենց թեթև հագնված փողոցներն են ընկել մի երկու կտոր կոնֆետի համար: Հանկարծ հիշեցի, որ էսօր տուն գալուց բանան էի գնել ճանապարհին, մտածեցի՝ լավ, մարդա մի հատ բանան կտամ ու ինքնավստահ լայն ժպիտը դեմքիս՝ բացեցի դուռը: Դեռ չէի հասցրել դուռը այնքան բացել, որ բոլորը տեսանելի լինեին, հանկարծ մի 5-ից 6 տարեկան երեխա, Բեթմենի կոստյումով, թռավ դեմս, լայն բացեց բերանը, որտեղ առկա էին ընդհամենը մի երկու ատամ, խլինքը քթին սառած ու գազազած աչքերով բղավեց «Des Bonbon ou la mooooooooort»…

«Կա՛մ կոնֆետ, կա՛մ մահ»... «Մահ» բառը արձագանքեց ամբողջ շքամուտքում, գրավեց ողջ թմբկաթաղանթս ու հասավ քունքիս: Նրա աչքերը փայլատակեցին, երբ տեսան ձեռքիս բանանը: Ես տեսա նրան սենյակում նստած բանան ուտելիս, ես տեսա նրա փոքր եղբորը, որ խնդրում է կիսել բանանը, մերժում է: Ես տեսա կապիտալիստ շան լակոտին, ով պահանջում է իր կարծիքով իրեն հասանելիքը, բայց չի արել ոչինչ այն վաստակելու ու սպառնում է ՄԱՀով… «la mooooooooort»…

Աչքիս առաջ եկավ ամեն ինչ, աչքիս առաջ եկավ Իսրայել Օրին՝ ծնկի եկած բրիտանական պալատներում, Կոմիտասը՝ գժանոցում, Սևրի պայմանագիրը, Լոզանի պայմանագիրը, Կարսի պայմանագիրը… էդ լակոտին ես տեսա որպես Hilarry Clinton, հայ-թուրքական պրոտոկոլների ստորագրման ժամանակ, տեսա նրա կողքին շիվարած Էդվարդ Նալբանդյանին, նա պահանջում էր՝ կա՛մ տուր, կամ մահ…

Ես նայեցի նրա աչքերին, բարձրացրի բանանը, դանդաղ բացեցի կեղևը ու սկսեցի, նրա աչքերին նայելով, դանդաղ ուտել… Hillary-ն զգաց, որ ես Նալբանդյանը չեմ, նա զգաց, որ ես Halloween չեմ տոնում: Մի պահ սթափվեց, մաքրեց խլինքը թևնոցով, մի քայլ ետ գնաց ու ասաց. «Excusez moi monsieur»…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել