Tert.am-ը գրում է.

Հայաստանում ինչ-ինչ պատճառներով արգելափակվում է արևային էներգետիկայի զարգացումը. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դեկտոր Վահան Համազասպյանը:

Նա երկար տարիներ աշխատելով այս ուղղությամբ՝ ասաց, որ տեխնիկական հարցերը լուծված են, և իրենք պատրաստ են սերիական արտադրության, որի հիմնական մասը կարող են արտահանել և որի պահանջարկը կա:

«Մենք կարող ենք գործարանային արտադրություն սկսել և 400-ից 500 մասնագետ ներգրավել այս ոլորտում»,-ասաց նա՝ հավելելով, թե արևային էներգիան աշխարհի ուշադրության կենտրոնում է, իսկ արևոտ երկրներում, ինչպիսին նաև Հայաստանն է, կարելի է օգտագործել այս համակարգը և նվազեցնել էներգետիկ կախվածությունը: 

Նրա հաշվարկով՝ արևային էներգիայի 1 կիլովատտի ինքնարժեքը 0,32 դրամ է, մինչդեռ մենք 60 դրամով էլեկտրաէներգիա ենք գնում: Ըստ մասնագետի՝ 700 մլն դոլար ներդնելով գյուղական բնակավայրերում՝ կարելի է ապահովել 60% էներգախնայողություն:

Նա վստահեցնում է, որ արևային համակարգի ներդրումը գյուղատնտեսական արտադրության համար «չափազանց լավ պրոդուկտ է»:

Վահան Համազասպյանն արդեն առաջարկ է ստացել ՌԴ Կեմերովսկի շրջանից և բանակցություների մեջ է: Համակարգով հետաքրքրված են նաև գերմանացի, շվեդ մասնագետները:

Թե ինչու է երկար ժամանակ արգելափակվում արևային տեխնիկայի զարգացումը՝ նա կարող է ենթադրել, որովհետև մեծ գումարներ աշխատելու մասին է խոսքը: «Հարգելի էլցանցերի ղեկավարներ, դուք կործանում եք Հայաստանը՝ տարածելով մասսայական կաշառակերության փաստը, որի դեմ պետությունը ցույց է տալիս իր անզորությունը»,-ասաց նա՝ հավելելով, թե ոլորտի զարգացման առնչությամբ պատասխանը միշտ նույնն է՝ վաղաժամ է այդ ուղղությամբ աշխատել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել