Երգիչ Սասունցի Դավիթը՝ Դավիթ Թուջարյանը, վերջին շրջանում շատ է խոսում հոգևոր կյանքի մասին։ Խոսակցություններ կան, որ նա աղանդավորական կազմակերպության է հարում։ BlogNews.am-ը նրա հետ զրուցեց կրոնական որևէ կազմակերպության հարելու, երգարվեստում դադար առնելու, ընտանիքի մասին։ Միակ թեման, որի մասին երգիչը կտրականապես հրաժարվեց խոսել, իր և երգչուհի Լիլիթ Կարապետյանի որդու՝ Կարենի հետ հարաբերություններն էին։


- Նախնական զրույցում նշեցիք, որ նոր երգ եք ձայնագրում, ի՞նչ երգի մասին է խոսքը։

- Հոգևոր երգ եմ ձայնագրում։

- Սովորաբար հոգևոր երգերը լինում են կրոնական կազմակերպությունների պատվերով։ Ինչ-որ կառույց կանգնա՞ծ է Ձեր թիկունքում։

- Ոչ։ Իմ թիկունքում տերն է կանգնած։ Երգը բոլոր նրանց համար է, ում դա հոգեհարազատ կլինի։

- Վերջին շրջանում շատ եք խոսում հոգևոր կյանքի մասին։ Կրոնական որևէ կազմակերպության անդամակցո՞ւմ եք։

- Ես վաղուց եմ ընդունել Աստծուն, սակայն նոր եմ սկսել ապրել այդ արժեքերով։ Ես որևէ կազմակերպության անդամ չեմ, ես Քրիստոսի եկեղեցու անդամ եմ։

- Վերջին շրջանում պասիվացել եք որպես երգիչ, ի՞նչն է պատճառը։

- Ես բավարարվում եմ նրանով, ինչ ունեմ այսօր։ Հիմա շեշտը դրել եմ գումար աշխատելու վրա։

- Որպես երգիչ՝ Ձեզ բավարարված զգո՞ւմ եք կորպորատիվ միջոցառումների մասնակցելով, որովհետև յուրաքանչյուր երգչի համար շատ կարևոր է երգել բեմում, ներկայանալ լայն հասարակությանը։

- Ես ընդհանրապես ինձ բավարարված չեմ զգում։ Կնախընտրեի ընդհանրապես դուրս գալ այս ոլորտից։

- Առհասարակ երգարվեստի՞ց, թե՞ կոպորատիվ միջոցառումների ոլորտից։

- Երգարվեստից։ Կուզեի ուղղակի հոգևոր երգեր կատարել։ Հիմա ես սա շարունակում եմ, որպեսզի անցում կատարեմ այլ  ոլորտ։

-Ի վերջո, Ձեզ մոտ ժանրայի՞ն փոփոխություն կլինի, թե ասպարեզի՞։

-Ասպարեզի։ Սակայն հիմա դեռ չգիտեմ՝ ինչ կլինի։

- Դուք է՞լ եք բիզնես սկսել, ինչպես Ձեր գործընկերներից շատերը։

- Ես սկսել էի, հետո փակեցի։ Դեռ չգիտեմ՝ ինչ կլինի։

- Կորպորատիվ միջոցառումներին սովորաբար ցանկանում են տեսնել այն երգիչներին, ովքեր հաճախ են լինում էկրաններին, պոպուլյար են։ Ձեր պահանջարկը, հոնորարերը նվազե՞լ են պասիվանալուց հետո։

- Ես գրեթե ամեն օր աշխատում եմ։ Էկրանին լինելու հետ կապված դիտարկմանը համաձայն եմ, սակայն շատերը ցանկանում են հասարակ երգիչների լսել և ուրախանալ։ Իմ հոնորարները չեն նվազել, հրավերները՝ ևս։

- Դուք նշում եք, որ շատ եք փոխվել Աստծո շնորհիվ, ի՞նչ դեր  է այդ հարցում ունեցել Ձեր կինը։

- Կինս այդ հարցում դեր չի խաղացել։ Ես սկսեցի ճանաչել Աստծուն։ Ավելին, կինս իմ ազդեցությամբ է սկսել խորությամբ ճանաչել Տիրոջը։

- Դավիթ, ինչպիսի՞ն եք ընտանեկան կյանքում, հիմա ավելի տնակյա՞ց եք դարձել։

- Հա, միանշանակ։ Ես իմ տունը շատ եմ սիրում։ Ընկերներիս էլ եմ շատ սիրում, բայց քանի որ նրանց մեջ շատ են աշխարհիկ մարդիկ, մեր հետաքրքրությունները հիմա փոխվել են։

-Ինչպե՞ս եք կազմակերպում ձեր ընտանեկան ժամանցը, որտե՞ղ եք անցկացնում այն։

- Քանի որ աղջիկս՝ Գայանեն, դեռ 7 ամսական է, հիմնականում տանն ենք լինում։ Կնոջս՝ Սվետային, օգնող չկա, և ազատ ժամանակ ինքս եմ փորձում օգնել նրան։

-Երեխայի խնամքով է՞լ եք զբաղվում։

- Իհարկե։ Ամեն ինչ էլ անում եմ, տակաշոր էլ եմ փոխում։ Եթե իմ կարիքը լինում է, Սվետան ինչ-որ հարցում դժվարանում է, օգնում եմ իրեն։

-Դուստր ունենալուց հետո ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում։

-Շատ բան, բայց չեմ կարող կոնկրետ նշել։

-Աղջիկ ունենալը Ձեզ ավելի հոգատար դարձրե՞լ է։

-Կարծում եմ՝ թե՛ տղայի, թե՛ աղջկա դեպքում հոգատարությունը նույնն է, սակայն աղջիկը մի քիչ ավելի թույլ էակ է և ավելի շատ ունի ուշադրության կարիք։

-Ո՞ւմ է ավելի նման Գայանեն։

- Ես Սվետային եմ նմանեցնում, սակայն ասում են, որ ինձ էլ է շատ նման։

- Ակտի՞վ երեխա է։

- Եթե համեմատում եմ այլ երեխաների հետ, ովքեր գիշերները չեն քնում, հասկանում եմ, որ մեր հալը դեռ լավ է, սակայն նա ակտիվ է, և ամբողջ օրն իր հետևից ենք վազում։)

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել