Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ:

Ընտանիքը մեզանում կարևորվում է ոչ թե ձևի, այլ բովանդակության, էության և նշանակության առումով: Այն մեր արժեհամակարգի հիմնասյուներից մեկն է, և մեր բարոյական հարստությունը, որը գնահատել ենք բոլոր ժամանակներում, պաշտել ու պաշտպանել, նվիրվել ու սիրել: Մենք ավանդապաշտ ենք, սակայն ոչ կարծրատիպերով առաջնորդվող, ուստի և կարողանում ենք հաջողությամբ համադրել ազգայինն ու համամարդկայինը, ավանդականն ու ժամանակակիցը՝ ընտանիքը մշտապես համարելով և ընդունելով ազգապահպանության կարևորագույն գործոն: Նրա առաքելությունը առանձնահատուկ է եղել ինչպես մեր պատմության բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր, որն առավելագույնս է արժևորվում և՛ հասարակության, և՛ պետության կողմից, որովհետև որքան շատ լինեն երջանիկ, ներդաշնակ և բարեկեցիկ ընտանիքները, այնքան ուժեղ կլինեն պետությունն ու հասարակությունը:

Սիրելի հայրենակիցներ, այս լուսավոր տոնը վերստին հաստատում և ամրապնդում է այն ջերմն ու դրականը, որը մշտապես առկա է մեր ընտանիքներում, մասնավորապես, սեր հայրենիքի և հարազատի հանդեպ, հարգանք մեծերի նկատմամբ, հյուրընկալություն, սրտաբացություն: Ընտանիքի օրվա առթիվ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս, հատկապես բազմանդամ ընտանիքներին և այն օջախներին, որտեղ գորովանքի և հոգատարության մթնոլորտում որդեգրված երեխաներ են մեծանում: Անկեղծորեն մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և հավատ ապագայի հանդեպ: Թող բոլոր ընտանիքներում իշխեն համերաշխությունը, փոխըմբռնումը և սերը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել