Օրվա լուրերի թոփը Խզմալյանն է՝ ադրբեջանական լրատվամիջոցին տված իր հարցազրույցով: Հայրենասիրական ելույթների պակաս չկա: Սակայն եկեք նույն հարցազրույցին մոտենանք այլ տեսանկյունից: Իսկ մի՞թե սպասելի չէր նման հարցարզույցի հայտնվելն ասպարեզում: Մոտ մեկ տարի առաջ կամ մի քիչ ավել շատ ավելի վատ բան եղավ. մարդը Տավուշի մարզից իր պաշտոնազրկումից հետո Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելու մասին հայտարարություն արեց, իսկ մինչ այդ էլ հաստափոր հատոր էր ձոնել ադրբեջանցի երգչուհուն: Ուրեմն Խզմալյանն աննախադեպ քայլ չի կատարել: Չլիներ Խզմալյանը, կլիներ մեկ ուրիշը: Առանց Խզմալյանին արդարացնելու կամ դատապարտելու՝ մի բան պարզ է՝ նման մի բան եղավ: Այժմ կարևորն այն է, որ այս դեպքը նախադեպ չհանդիսանա, ու այլոք չհայտնվեն, այլապես մեր վիճակը մեղմ ասած նախանձելի չի լինի: Իսկ դժգոհ տարր ունենք ինչքան ասես, ինչքան ասես ունենք նաև այնպիսի մարդիկ, ովքեր կորցնելու էլ ոչինչ չունեն ու կարող են շատ հանգիստ ցանկացած քայլի դիմել: Քննադատելը հեշտ է: Հիմա առաջնահերթությունը համատարած դժգոհությունը փարատելն է: Ես, օրինակ, վստահ չեմ, որ էլեկտրաէներգիայի կամ գազի թանկացումից հետո մի քանի հարյուր կամ մի քանի հազար ընտանիք մասսայաբար չի դիմի, ասենք, Էրդողանին ու տեղափոխվի Թուրքիա: Այս դեպքում մեր հայրենասիրա-պաթոսա-փառատոնի վերածված Մեծ եղեռնի հարյուրամյակը լրիվ ցաքուցրիվ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել