Դերասանուհի Նաիրա Դիլանյանին հեռուստադիտողը ճանաչեց «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից: Նա այդպես էլ հիշվեց՝ «ասող-խոսող» կերպարով։ Հիմա նրա մոտ ավելի պասիվ շրջան է: «Առաջարկներ ունեմ սերիալում նկարահանվելու, բայց այն չէ, ինչ ես եմ ուզում: Ամռանը կնկարահանվեմ գեղարվեստական ֆիլմում, որի մասին դեռ չեմ խոսի»,-Blognews.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհին:


Հումորային կերպարներում հանդես եկող դերասանուհին դեմ չէր լինի խաղալ ավելի լուրջ դերերում. «Ուզում եմ ավելի առաջ գնալ, այլ ոչ թե հետ: Եթե կլինի այնպիսի ռեժիսոր, ով ինձ կտեսնի ավելի լուրջ դերում, ես սիրով կնկարահանվեմ: Երբ նոր պետք է խաղայի հումորային կերպարում, ինքս էլ չէի պատկերացնում՝ ինչպես կստացվի, բայց փաստորեն հաջողվեց»:

Նաիրան խոստովանում է՝ կարոտում է հեռուստատեսությունը, տեսախցիկները, բայց այս ամենը թողեց մի պատճառով. «Թողեցի, քանի որ ամուսնացա, իսկ այդ ռիթմը համատեղել ընտանքի հետ շատ բարդ է, մանավանդ երբ ապրում ենք մենակ, և կենցաղային գործերն իսկապես շատ են»:

Դերասանուհին հաճախ է նոր ֆոտոշարքներով հանդես գալիս, խոստովանում է, որ լուսանկարվելը նրա հոբբին է: Վերջին շրջանում էլ հանդես է գալիս որպես հանդիսավար. «Երբ ես խաղում էի սերիալում, ինձ բազմաթիվ առաջարկներ էին գալիս միջոցառումներ վարելու, բայց ես միշտ մերժել եմ՝ անկախ հոնորարի չափից: Ես ինձ չէի տեսնում այդ ոլորտում և դրա կարիքը չունեի: Հիմա հասկացա, որ արդեն ժամանակն է, դա նաև ֆինանսապես է ձեռնտու: Փառք Աստծո, ես այն դերասանուհիներից եմ, ում ժողովուրդը սիրում է»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել