Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանը տևական ժամանակ Մոսկվայում ապրելուց հետո ընտանիքի հետ երեկ վերադարձել է Հայաստան։ Նա առաջինը BlogNews.am-ի հետ զրույցում խոսեց վերադառնալու մասին ու պատմեց, որ հայրենիք վերադառնալուց հետո առաջինն իր տուն է գնացել, հետո ծնողների։

«Ծնողներս երեխայիս չէին տեսել, իսկ դա ամենակարևոր բանն է։ Որդիս նրանց առաջին թոռնիկն է, սակայն 8 ամիս չէին տեսել նրան, միայն սկայպով էին շփվել։ Շատ հուզիչ հանդիպում էր, ինչպես միշտ, մայրս հուզվել էր»,- նշեց նա։

Դերասանի խոսքով՝ Հայաստանում ամեն տեղ շատ է կարոտել, սակայն առաջին ու ամենակարևոր տեղը, որ պիտի գնար, տատիկի գերեզմանն էր, որովհետև նա շատ կարևոր դեր է ունեցել իր կյանքում, դաստիարակության մեջ։

«Երեկվանից նաև ընկերներիս հետ եմ շատ ժամանակ անցկացրել։ Հայաստան վերադառնալուցս հետո ինձ հանգիստ չեն տալիս։ Երևի թե, կարոտել են ինձ:) Ընկերներիս գործոնը ևս կարևոր էր, որ հիմա այստեղ եմ, որովհետև ինձ համար շատ դժվար է առանց նրանց։ Ես առանց իմ ընկերների չեմ պատկերացնում կյանքս։ Իմ ընկերներն օրվա ընկերներ չեն, նրանց հետ երկար ճանապարհ ենք անցել»,- նկատեց դերասանը։

 

Ըստ դերասանի՝ իր առաջնային նպատակն այն է, որ երեխան Հայաստանում մեծանա, ու առաջիկա տարիներին վերջնական կվերադառնա Հայաստան։ «Ես ինձ ստացված մարդ չեմ համարի, եթե որդիս ռուսախոս լինի և Հայաստանում չմեծանա, որովհետև Ռուսաստանում ապրելու դեմքում նա անկախ իրենից շփվելու է ռուսների, ոչ թե հայերի հետ։ Այսօր մեծ մասը բողոքում է Հայաստանից, բայց չի կարելի մի քանի առաջնորդների պատճառով չսիրել մեր երկիրը։ Իհարկե, այստեղ պայմանները դժվար են, և դա գալիս է առաջնորդներից, կառավարությունից, սակայն չի կարելի ըստ դրա կարծիք փոխել Հայաստանի մասին»,- ընդգծեց Ալեքսանդրը։

Նրա փոխանցմամբ՝ մոտ 4 ամիս այստեղ կլինի, որից հետո կրկին կմեկնի Մոսկվա և մինչև ձմռան վերջ այնտեղ կմնա. «Գործս այնտեղ այնպես է, որ չեմ կարող թողնել»։

Անդրադառնալով ստեղծագործական գործունեությանը՝ նա հայտնեց, այժմ դեռ չի նկարահանվում, սակայն առաջարկ ունի նկարահանվելու ռեժիսոր Ելենա Արշակյանի գեղարվեստական նոր ֆիլմում. «Ըստ նախնական պայմանավորվածությունների՝ իմ կտորները նկարահանվելու են Մոսկվայում։ Դրա համար ևս կարճ ժամանակով կմեկնեմ»։

Ալեքսանդրի խոսքով՝ թեև երեկ է վերադարձել Հայաստան, արդեն սերիալներում նկարահանելու շատ առաջարկներ է ստացել։ «Գրեթե բոլոր սերիալներից առաջակներ եմ ստացել, սակայն երկրորդական դերեր են, իսկ ես չեմ ուզում երկրորդական դերերով ներկայանալ։ Առավել ևս, որ երկար ժամանակ չեմ երևացել էկրաններին»,- ասաց սերիալային դերասանը։

Դիտարկմանը, որ պրոֆեսիոնալ շատ դերասաններ ասում են, որ պրոֆեսիոնալ չէ խոսել դերի առաջնային կամ երկրորդական լինելու մասին, քանի որ կարևորը դերի հետաքրքրությունն է, Ալեքսանդրն արձագանքեց, որ ինքն էլ է այդպես մտածում, երբ խոսքը գեղարվեստական ֆիլմերի մասին է, սակայն սերիալներում խաղալիս իր համար կարևոր է, որ ներկայանա առաջնային կերպարով։ Ինչ վերաբերում է փառամոլությանը, որ վերագրում են Ալեքսանդրին, նա ասաց. «Շատ հնարավոր է, որ այդպես  է. ես սիրում եմ առաջինը լինել և ոչինչ չեմ կարող ասել դրա դեմ»։

Այլ աշխատանքով Ալեքսանդրն այստեղ չի զբաղվելու. անշարժ գույքի գործակալությունը, որն ուներ, մեկուկես տարի փակ է եղել, և վերագործարկելու մտադրություն չունի, քանի որ կարճ ժամանակով է այստեղ։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել