Ինչպես գիտենք՝ հունիսի 7-ին հանրապետության 20 քաղաքներում և գյուղերում կայանալու են համայնքապետի ընտրություններ: Ընդհանրապես, ցանկացած ընտրություն միտված է տվյալ համակարգի նորովի զարգացման՝ բացելով նոր հնարավորություններ ինչ-որ բան փոխելու, բարելավելու և զարգացնելու: Այս ընտրություններում ուշագրավն այն է, որ ընդդիմությունն ընդհանրապես ցանկություն չի հայտնել մասնակցելու:

Բոլորս էլ գիտենք, որ քաղաքական կուսակցությունը ստեղծվում է՝ հիմքում ունենալով նպատակ՝ հասնել ինշխանության: Հարց է առաջանում՝ մի՞թե տեղական իշխանությունն իշխանություն չէ, կամ միգուցե մեր ընդդիմությունը պարզապես չի ուզում սկսել փոքրից՝ վեկտորը տանելով դեպի մեծը: Համայնքի ղեկավարի պաշտոնը, լինելով քաղաքական պաշտոն, տրամաբանական է, որ սրա համար պետք է տարվեր պայքար նաև քաղաքական կուսակցությունների միջև: Իրականում նման իրավիճակը շատ ցավալի է նախ և առաջ մեր տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդման և զարգացման համար:

Պատահական չէ, որ ՀՀ Սահմանադրությամբ մի ամբողջ գլուխ նվիրել ենք տեղական ինքանակառավարմանը՝ նրան տալով լիազորություն և կարողություն: Այսինքն՝ այս ոլորտն առավել քան կարևոր է, քանի որ խոսքը գնում է մի վարչատարածքային միավորի մասին, ինչպիսին այսօր համայնքն է: Խորհրդային փլուզումից ի վեր առավել քան կարևորվում է համայնքի դերի զարգացման հիմնահարցը ՀՀ-ում՝ որպես պետության զարգացման գրավական:

Ուստի թե՛ ընդդիմությունը և թե՛ իշխանությունը, լինելով քաղաքական գործող դաշտի սուբյեկտներ, չպետք է բացարձակապես անտեսեն այս համակարգը, այլապես դա ոչ այլ ինչ է, քան պարզապես խուսափում համայնքում տիրող խնդիրների լուծման ուղիներին մասնակիցը դառնալուց: Մի կողմ թողնելով իշխանություն-ընդդիմություն քաղաքական խաղերը՝ պետք է նշել, որ համայնքն այն սոցիալական միավորն է, որը չի ընդունում որևէ հնարավոր անտեսում, որն արվում է քաղաքական դաշտի բևեռների կողմից:

Եթե շարժվենք տեղական ինքնակառավարման տրված սահմանումով, ապա տեղական ինքնակառավարումը բնակչության բարեկեցության բարելավման նպատակով իրականացվող քաղաքականությունն է, ստացվում է, որ եթե քաղաքական ընդդիմությունը ձեռնպահ է մնում մասնակցությունից, սա ընդունվում է պարզապես խնդիրներից հրաժարվել չփորձելու մշակել և իրականացնել բարեկեցության բարելավմանն ուղղված քաղաքականությունը՝ անմիջական կատարողի գործոնը նորից թողնելով իշխող քաղաքական մեծամասնությանը:

Սրանից շատ պարզ երևում է, որ այստեղ մենք ունենք խնդիրներ՝ նրանց չմասնակցության հետ կապված: Դատելով ընդդիմադիր որոշ գործիչների արված մեկնաբանություններից՝ կարելի է ենթադրել, որ նրանց չմասնակցությունը պայմանավորված է ընտրություններում իշխանական ռեսուրսների դեմ պայքարի անզորությունից: Հասկանալով, որ իշխանական ռեսուրսը եթե ոչ ամենաազդեցիկ, ապա գոնե որոշ չափով առավելություն տվող գործոն է:

Միգուցե մեր ընտրական համակարգը խիստ կարիք ունի բարելավման և իշխանական ռեսուրսի իրացվելիության նվազեցման, որովհետև համակարգի զարգացման համար կարևոր են անկողմնակալ զարգացումները:

Եվ ամենակարևորը չպետք է մոռանալ, որ մենք ունենք քաղաքացիական հասարակության ձևավորման խնդիր, որի հիմնային ինստիտուտներից է հենց տեղական ինքնակառավարումը որպես համակարգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել