Մայիսի 22-ին մեծ էկրան կբարձրանա Արշալույս Հարությունյանի «Սկոտչ&Whiskey» գեղարվեստական ֆիլմը: Ֆիլմում իր մասնակցությունն է ունեցել նաև դերասան Սոս Ջանիբեկյանը, ով Blognews.am–ի հետ զրույցում նշեց, որ դերն իր սրտով է. «Ռոմանտիկ, թեթև, գունավոր կատակերգություն է, ես էլ իմ դերը շատ եմ հավանում: Բարեբախտաբար, ինձ հասնում են այնպիսի դերեր, որոնք ես կընտրեի: Ֆիլմը դեռ չեմ տեսել, բայց կարծում եմ՝ հաջողված է: Արշալույս Հարությունյանի ոճին ծանոթ եմ և վստահ եմ՝ եթե մի բան անում է, հաստատ արդյունքը լավ է լինում: Օպերատոր Սուրեն Թադևոսյանի և իր խմբի շնորհիվ էլ հանդիսատեսը կվայելի որակով և էսթետիկ կադրեր»:
Սոսի խաղընկերուհին դերասանուհի Արփինե Գաբրիելյանն է, ում հետ առաջին անգամ էր խաղում. «Այս ժանրում հեշտ էր խաղալ Արփինեի հետ, բայց օրինակ չեմ կարող ասել՝ ինչպես կլիներ, եթե իրար հետ խաղայինք «Շեքսպիր»: Այս ֆիլմում մեզանից շատ բան չէր պահանջվում: Ես նաև որպես մարդ ճանաչեցի Արփինեին, և բավական դրական են տպավորություններս»:
Ֆիլմի դրվագներից մեկում երևում է, որ դերասանը հագել է կնոջ հագուստ, այս մասին կես կատակ, կես լուրջ Սոսն այսպես արտահայտվեց. «Չեմ վախենում քննադատություններից, քանի որ դա իմ առօրյա հագուստը չէ և, առհասարակ, տղամարդկության հետ կապ չունի: Ես չեմ հագնում կնոջ շոր, որովհետև կերպարս կանացի է, հագնում եմ որպեսզի փրկվեմ ինչ-որ իրավիճակից: Դա ավելի շատ հնարք է, ցանկություն, այլ ոչ թե գաղափար»:
Արդեն մոնտաժի փուլում է գտնվում Սոսի մասնակցությամբ մեկ այլ ֆիլմ, որի պրեմիերան կկայանա այս տարի: Ֆիլմը կոչվում է «Դրախտում», ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է. «Նկարահանումները տեղի են ունեցել Շրի Լանկայում, արկածային ֆիլմ է: Հիմա նկարահանվում եմ մեկ այլ ֆիլմում, որի մասին դեռ չեմ խոսի»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի