Որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ «ԽՈՊԱՆՉԻՆԵՐԻՆ ՀԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ» տրամաբանությունը: Որպես կանոն, արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներն աշխատում են տարբեր մասնավոր ընկերություններում: Բնականաբար, հարց է առաջանում, թե արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներն ինչ մեխանիզմներով եկամտային մասով պիտի հարկվեն՝ համաձայն այս խեղկատակ օրենքի:

Դատելով վերջին օրերին ռուսաստանաբնակ մեծահարուստ գործարարների հայտարարություններից՝ ստացվում է, որ այս մարդիկ համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության հարկային մարմին կփոխանցեն իրենց մոտ աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալները, որի շրջանակում էլ կկազմակերպվի նրանց՝ հարկային դաշտ մտցնելու գործառույթները: Դարձյալ կոշտ մեթոդներով սահմանի վրա եկամտահարկը գանձելուց հետո միայն թույլ կտրվի նրանց մուտքը Հանրապետություն: Ասածիս մյուս հիմնավորումն էլ այն է, որ սույն օրենքը կիրառելի է միայն շինարարական և մոնտաժային աշխատանքների համար: Եվ, բնականաբար, այլ ոլորտներում համապատասխան գործարարներ գտնելուց հետո օրենքում համապատասխան փոփոխությունների միջոցով կընդգրկեն նաև այլ ոլորտները նույնպես:

Այսպիսով՝ հայաստանյան պետական մակարդակով իրականացվող ՌԵԿԵՏԸ գտել է այն օղակը, որի միջոցով արտագնա աշխատանքի մեկնողներին «ՀԱՐԿԵԼՈՒ» հնարավորություն է ստեղծվում:

Թերևս դժվարանում եմ ասել, որքանով է այս օրենքը համահունչ Ռուսաստանի Դաշնության օրենքներին, սակայն, այնուամենայնիվ, եթե սովորաբար հստակ է տրամաբանությունը, ապա այս դեպքում անտրամաբանականությունն է ՀՍՏԱԿ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել