Երգչուհի Մաշա Մնջոյանը վերջերս է վերադարձել Իտալիայից. Գյումրիի «Տիրամայր Հայաստան» երգչախմբով ներկա են գտնվել Հռոմի պապի մատուցած պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Երգչուհու համերգային արշավները շարունակական բնույթ են կրում. «Այսօր Հաղթանակի օրվան նվիրված համերգի եմ մասնակցելու, վերջերս էլ մասնակցեցի Ռադիոյի օրվան նվիրված համերգին: Իմ մասնակցությամբ համերգներ հաճախ են լինում, բայց շատ չեն լուսաբանվում»,-Blognews.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:
Այս շրջանում աշխատում է նաև նոր երգերի ստեղծման վրա, որոնք շատ ուշադրությամբ է ընտրում. «Ես միշտ հանդես եմ գալիս տարբեր ժանրերում, ինձ հաճախ են ասում, որ ես չունեմ իմ սեփական ոճը: Բայց ինձ դուր է գալիս ներկայանալ տարբեր ժանրերում: Շուտով պատրաստ կլինի իմ և Սոնայի նոր դուետը, որը նվեր ենք ստացել Գուժից: Կունենանք նաև տեսահոլովակ»:
Շաբաթվա մեջ մեկ օր երգչուհին երգում է երևանյան ակումբներից մեկում, սիրում է իր աշխատանքը և կարծում է՝ այն ավելի հմտանալու միջոց է. «Ես շատ հրավերներ եմ ստանում տարբեր ակումբներից, բայց քանի որ պարապմունքներ, համերգներ ունեմ, չեմ կարողանում մի քանի ակումբներում երգել: Սիրում եմ, երբ կարողանում եմ կենդանի շփվել հանդիսատեսի հետ, ինձ դուր է գալիս նաև աշխատել երաժիշտների հետ: Ես չեմ երգում նրա համար, որ դա ինձ համար գումարային օգուտ է, իրականում այնքան չնչին գումար եմ ստանում իմ աշխատանքի դիմաց, որ ես դա անում եմ իմ փորձի և ճանաչման համար: Իսկ այդ ակումբում երգելն ինձ համար պատիվ է»:
Մաշան չի հերքում, որ հնարավոր է մի քանի տարի հետո մեկնի արտերկիր. «Ես շատ սիրում եմ իմ հայրենիքը, բայց չեմ բացառում, որ կգնամ ոչ թե նրա համար, որ Հայաստանից փախչեմ, ինչպես շատերն են անում, այլ սովորելու նպատակով»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի