Անկախ քաղաքական այսօրվա իրավիճակից, անկախ նրանից, թե կոնկրետ որ երկիրն ինչպես է վերաբերվում Ռուսաստանին ու ինչ հարաբերություններ ունի նրա հետ, այսօր մի տոն է, որը չի կարելի համարել բացարձակապես ռուսական: Հայրենական մեծ պատերազմը հաղթել է սովետական ժողովուրդը: Մենք` հայերս, հսկայական ավանդ ենք ունեցել այդ հաղթանակում: Երևի ավելորդ է նշել, թե ինչքան հայորդի է մեկնել ռազմաճակատ, ինչքան հերոս, գեներալ ու մարշալ ենք ունեցել: Երևի պետք է մարդկանց հիշեցնել, որ Ստալինգրադի ճակատամարտում հավանական պարտությունից հետո թուրքական զորքը, որը շարվել էր Հայաստանի սահմանին, կարող էր մտնել մեր երկիր: Հետևանքներն, իհարկե, տխուր կլինեին: Այս իրողությունը շատերը մոռացել են, մինչդեռ մանկությունից դա իմ մեջ տպավորվել է, քանի որ լուսահոգի տատս էր ինձ ասել դրա մասին: Բայց այսօր մեզ համար կրկնակի տոն է, քանի որ տասնամյակներ անց հայկական ռազմական մտքի փայլուն դրսևորումների շնորհիվ ազատագրվեց Շուշին: Մայիսը մեծ հաղթանակների ամիս է, էնպես որ ուրախացեք, իրոք շնորհակալություն հայտնեք ձեր պապերին ու հայրերին՝ այդ հաղթանակները կերտելու համար, ու спасибо деду за победу արտահայտությունն առաջին հերթին թող ամուր դրոշմվի ձեր սրտերում: Շնորհակալություն այդ հզոր սերնդին, որովհետև նրանք իրոք հզոր էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել