Կեղծիքը տանում է նրան, որ մի օր էլ Մեծն Կոմիտասն ազգությամբ եզդի հայտարարվի
--------------------------------------------------------------------------------------------------
ՄԻ ԿԵՂԾԻՔԻ ՇՈՇԱՓՈՒԿՆԵՐԸ 
Տիգրան ՊետրոսՅանց
Պատմաբան, «Զորավար» հիմնադրամի տնօրեն
Հայտնի բան է, երբ մի անգամ աննշան կեղծիքը ժամանակին չի մատնանշվում, թեկուզ վիրահատական միջոցներով չի բացառվում՝ հետագայում կամաց-կամաց լրացումներ է ստանում և մի օր իր շոշափուկներով տեղավորվում է ամենուր ու դառնում է խոսքից խոսք, գրքից գիրք անցնող «ճշմարտություն»:
Ընկերս՝ ռեժիսոր Գագիկ Հարությունյանը, խնդրեց պարզել՝ արդյո՞ք Կոմիտասի հետ Գևորգյան ճեմարանում սովորել է ազգությամբ քուրդ/եզդի Ուսուբ բեկը:
Հետաքրքրությունս բավարարելու և հարցի ներքին մեխանիզմը հասկանալի դարձնելու համար սեղանիս դրեց բավականին ստվարածավալ «Ուսուբ բեկ» հայալեզու և ռուսալեզու գրքերը (հայալեզու գրքի տվյալները՝ հեղինակ՝ Մանուկ Մուրադյան, մասնագիտական խմբագիր՝ Կարեն Խաչատրյան, խմբագիր՝ Վահագն Սարգսյան, Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 2012 թ., 400 էջ): 
Այո, գրքում սևով սպիտակի վրա գրված է, որ Ուսուբ բեկը Գևորգյան ճեմարանում սովորել է Կոմիտասի հետ, անգամ նկար-կեղծիք է ստեղծվել՝ կողք կողքի մոնտաժելով Ուսուբի և Կոմիտասի նկարները:
Փաստն ինքնին հետաքրքրական է իր հեռագնա նպատակադրության համատեքստում: Ամեն կերպ հաստատել, որ Կոմիտասը մանկական կամ պատանեկան տարիներից շփվել է քուրդ/եզդի պատանու հետ, ինչը հետագայում դերակատարություն է ունենալու նրա կողմից քրդական երաժշտության բնագավառում աշխատանքներ կատարելու համար մի կողմից և ընդհանրապես հայ-քրդական/եզդիական բարեկամության մասին մյուս կողմից: 
Ես երաժշտագետ չեմ և այլ մանրամասների մեջ չմտնելով՝ խնդրի այդ մասը թողնեմ մասնագետներին: Իմ խնդիրն էր ճշտել՝ Ուսուբը սովորել է Գևորգյան ճեմարանում: Հարցը բարբարոսական է: Քանի որ Գևորգյան ճեմարանը հայ Առաքելական եկեղեցու դպրանոց էր, ապա այդտեղ այլակրոն մարդու սովորելն ընդհանրապես բացառվում էր: Բայց այս դրույթը բացառող որոշումներ էլ կարող էին լինել: Եվ վերոհիշյալից ելնելով մասնագիտական ուսումնասիրություն կատարվեց Հայաստանի ազգային արխիվում: Գևորգյան ճեմարանի կոմիտասյան տարիների որևէ մատյանում, լրացուցիչ ցուցակներում, ուղեկցող փաստաթղթերում Ուսուբ անունով կամ Ուսուբյան ազգանունով, կամ ինչպես գրքում նշվում է՝ Հովսեփ Թեմուրյանց անուն-ազգանունով սովորողի անուն չհայտնաբերվեց: 
Փաստը իրականության է վերածվում միայն հաստատման պարագայում: Այն փաստը, որ Ուսուբ անունով որևէ մեկը Կոմիտասի հետ չի սովորել՝ հաստատումն է այն մտքի, որ նման պնդումը պարզ կեղծիք է:
Հասկանալի է, որ մենք նպատակ չունենք որևէ կերպ մեր հայրենիքում ապրող քրդերի/եզդիների հետ որևէ հարց ունենալ: Բայց նաև չենք կարող աչք փակել շատ ճշմարտությունների նկատմամբ, որոնք հատկապես խորհրդային տարիներին, համահարթեցվել ու արհեստական բարեկամության/եղբայրության քողի տակ թաքցվել են:
Որ լուրջ խնդիրներ եղել են տնտեսական կապիտալ տնորինող և ռուս պաշտոնյաներին մշտապես կաշառող քրդերի/եզդիների և հայերի միջև այսօրվա Հայաստանի տարածքի համատեղ կամ ազգային պատկանելությամբ բնակավայրերում մինչև 1920-ական թվականները միանշանակ է: Այդ փաստերին կարող եք ծանոթանալ Ապարանի տարածաշրջանից «Մշակին» ուղարկած ու տպագրված Պերճ Պռոշյանի նամակներում, որտեղ այդ տարածքում վերջին տասնամյակներում հայտնված քրդերը/եզդիները ուղղակի ահաբեկում, թալանում էին հայերի անասունները, ունեցվածքը: Որ քրդերը/եզդիները Ապարանի տարածաշրջանում բնիկներ չէին և այդտեղ հայտնվել են 1870-ական թվականների կեսերից հետո, մասնավորապես ռուս-թուրքական 1877-1878 թվականների պատերազմից հետո, հաստատենք մեկ օրինակով: Ազգային արխիվում պահպանվում են Ապարանի գավառի չափաբերական մատյանները: 1831 թ-ի մատյանում Ջարջառիս գյուղի մասին կա հետևյալ նշումը, որ գյուղում բնակվում է 84 տուն (ընտանիք) հայ: 1842, 1852, 1859, 1876 թվականների մարդահամարների տվյալներով ևս այդ գյուղում ապրել են միայն հայեր: Բայց արդեն 1886 թ-ի մարդահամարը ցուցանում է, որ գյուղում ապրում են միայն քրդեր: Պերճ Պռոշյանը գրել է հենց այդօրինակ փաստերի մասին, որի համաձայն, երբ հայկական որևէ գյուղում կաշառք ստացած ռուս գավառապետի որոշմամբ հաստատվել է թեկուզ մեկ քուրդ/եզդի ընտանիք՝ թալանվող, նվաստացվող ու արդարություն չգտնող հայերը ամենակարճ ժամանակում հեռացել են այդ բնակավայրից այն ամբողջովին թողնելով այլազգիներին:
Այս կարգավիճակով հասնելով խորհրդային տարիներին հայկական բնակավայրերը բնակեցրած քուրդ/եզդիները սկսեցին յուրացնել նաև հայկական բնակավայրերի հազարամյա պատմությունը և անգամ սկսեցին ինտերնացիոնալի անվան տակ սեփականել բնակավայրերի անունները: Մի օրինակ «Ավանգարդ» թերթում տպագրված իմ «Վերականգնել պատմական անունները» հոդվածից. «Երբեմն անունների վերականգնման-վերանվանման տակ ուղղակի անհասկանալի քայլ է կատարվել: Չգիտես ինչ մղումներով հայկական պատմական Ճարճակեսը (Արագածի շրջան), որ մեր օրերն է հասել խաթարված Ջարջառիս անունով, որտեղ այսօր էլ կանգուն է 4-րդ դարի կեսերին Գնթունի իշխանների կառուցած բազիլիկ եկեղեցու հյուսիսային պատը, փոխանակ վերստանար իր պատմական անունը, միայն նրա համար, որ գյուղում այսօր եզդիներ են ապրում, վերանվանվեց Դերեկ: Այդ անունը դնողները պետք է իմանան, որ բարեկամությունը, ինտերնացիոնալիզմը պատմական բնակավայրերի անունները «նվիրաբերելով» չի լինում, որ տվյալ դեպքում թույլ տրված սխալը պետք է ուղղվի հօգուտ պատմության» («Ավանգարդ», 1990 թ., 15 հուլիսի, էջ 3): Իհարկե մենք հասանք այս մեկ սխալի ուղղմանը, բայց կողքի եզդիաբնակ Միրաք (առկա է 4-րդ դարի հայկական եկեղեցու ավերակ), Ռյա-Թազա (առկա է 9-13-րդ դարերի հայկական եկեղեցու ավերակ) գյուղերն այդպես էլ չստացան իրենց պատմական անունները:
Ես ծնվել եմ Ապարանի շրջանի Վարդենիս գյուղում: 1918 թ-ի մայիսի 22-29-ի Ապարանի հերոսամարտին այս գյուղի շուրջ 2 հազար բնակիչներից մասնակցել է ավելի քան 500 մարդ: Գյուղում ապրածս տարիներին հանդիպել ու զրուցել եմ Հերոսամարտին մասնակցած ավելի քան երեք հարյուր վարդենիսցիների հետ, գրառել պապիս, տոհմակիցներիս, համագյուղացիներիս բազում հուշեր: 1970-ական թվականների կեսերից աշխատելով Ապարանի շրջանային «Ծաղկունք» թերթում, հանդիպել եմ տարածաշրջանի երեք տասնյակից ավելի բնակավայրերում դեռևս ապրող Հերոսամարտի հարյուրավոր մասնակիցների հետ: Այդ հանդիպումների արդյունքում էլ ծնվել են 1977-ից սկսյալ թեմային առընչվող հոդվածներս, որոնք ավելի ուշ դարձան մի մեծածավալ աշխատություն, որը սակայն առ այսօր չենք կարողացել հրատարակել: Իհարկե 2005 թ-ին տպագրել ենք գրքի մի փոքրածավալ տարբերակ («Ապարանի հերոսամարտը», Երևան, 2005 թ., 54 էջ): Այս տողերը գրեցինք մի նպատակով: Փորձում ենք հաստատել վերնագրում նշած «շոշափուկների» մասով մեր տեսակետը: Հերոսամարտի մասնակից մեր որևէ զրուցակից երբևէ չի հիշել, որ Ապարանի իննօրյա մարտերի որևէ դրվագում տեսել է իր կողքին կռված քրդերի/եզդիների: Եվ սա իրականություն է: Բայց խորհրդային տարիներին մամուլ թափանցեցին տողեր, հերոսամարտին հերոսական մասնակցություն ցուցաբերած Ուսուբ բեկի, Ջահանգիր աղայի քրդական/եզդիական հեծյալների մասին: Սկզբում վախվորած թիվ է եղել՝ երևի 15 ձիավոր, հետո օգտվելով դրա դեմ չբողոքած հայերի լռությունից, թիվը մի զրոյով, ապա անգամ երկու զերոյով աճեցվել է: Միանշանակ կեղծիք են թե 150, թե 1500 թվերը: Գուցե մի 30-40 ձիավոր եղել են նշված անձերի կողքին ու իրենք էլ սպասել են կռվի ելքին (հաղթողի կողքն անցնելու համար) և կռվի 7-րդ կամ 8-րդ օրը, ինչպես հետագայում, ավելի ստույգ 1956 թ-ին կասի Դրոն, մասնակցել են թուրքերի դեմ վերջին գրոհին: 
Ավելի ոչինչ: Եվ այս չափով էլ պիտի գնահատվեն:
Մերկապարանոց չլինելու համար բերենք 1914 թ-ին վերաբերող մի օրինակ: Պատմական Հայաստանի տարածքում մարտնչող Անդրանիկ զորավարին են հաձնվել 4 քուրդ բեկեր, որից հետո հանձնվել է նաև 5-րդը՝ եզդի Ջահանգիր աղան: Անդրանիկը զինաթափել է նրանց (ընդամենը մի քանի տասնյակ հրացան է եղել) և ձերբակալվածներին հանձնել գեներալ Նազարբեկյանին՝ միաժամանակ հայտնելով, որ քրդերը թուրքերից ստացել են 1600 հրացան և դրանից զատ ունեցել են ավելի քան 3 հազար հրացան: Բայց… ձերբակալումը դաժան վերջաբան է ունեցել: Նույն Ջահանգիր աղայի և Աբդուլ Ռեզակի «միջնորդությամբ» ռուսական զորահրամանատարությունը «հավաստիացել» է ձերբակալված բեկերի նվիրվածությանը ռուսական իշխանություններին և համապատասխան կաշառք ստանալուց հետո՝ բեկերին ազատ է արձակել: Սույն բեկերը վերադառնալով իրենց աշիրաթները և անցնելով թուրքերի կողմը՝ մասնակից դարձան հայերի ամենադաժան ցեղասպանությանը՝ վրեժ լուծելով հայերից և Անդրանիկից: Այս ամբողջը ունի փաստաթղթային հաստատում, բայց ցավալիորեն նույն սուտ բարեկամության և կեղծ եղբայրության տարիներին այդ նյութերը պինդ-պինդ թաքցվել են արխիվում (հավաստիանալու համար կարող եք նայել «Հայերը Առաջին աշխարհամարտի տարիներին (1914-1918 թթ.)» գիրքը, Մոսկվա, ռուսերեն): 
Ահա մի փոքրիկ կեղծիքի շոշափուկները: Դրանք պիտի ժամանակին կտրվեն, որ անդառնալի հիվանդության չվերածվեն:
07.05.2015 թ.
ՄԻ ԿԵՂԾԻՔԻ ՇՈՇԱՓՈՒԿՆԵՐԸ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել