Վաղը Մայիսի 9-ն է՝ Հաղթանակի օրը, և բնականաբար սոցիալական ցանցերում էլի ակտիվացել են կտցրածները, ովքեր բոլոր տոնական-դրական ստատուսների տակ սկսում են ամբախ-զամբախ դուրս տալ, թե բա «ինչի՞ եք ուրախանում ռուսների ու գերմանացիների՝ կռվում հաղթելուց», «մենք ի՞նչ կապ ունենք», «Գալիպոլիում էլ են հայեր կռվել», «Ի՞նչ տարբերություն Սովետի ու Նացիստական Գերմանիայի միջև» և իհարկե «Շուշին ա մեր հաղթանակը, ոչ թե Հայրենական պատերազմում տարած հաղթանակը»։

Թերևս, սրանցից յուրաքանչյուրին արժե անդրադառնալ առանձին-առանձին։

«Ինչի՞ եք ուրախանում ռուսների ու գերմանացիների՝ կռվում հաղթելուց»

Նախ, դա զուտ ռուսների ու գերմանացիների կռիվը չէր, այլ խորհրդային ժողովրդի ու գրեթե ողջ Եվրոպայի կռիվն էր և նույնիսկ ավելին՝ դա բարու ու չարի պայքարն էր։ Ու անկախ նրանից, թե ինչպես եք դուք վերաբերվում, հայ ժողովուրդը խորհրդային ժողովրդի իրավահավասար ու կարևորագույն բաղկացուցիչն էր, և հաղթանակին հասնելու համար մենք՝ հայերս, արել ենք շատերից ավելի շատ և ոչ ոքից ավելի քիչ։ Չմոռանանք, որ այս պատերազմում մահացել է ԽՍՀՄ-ում բնակվող ամեն 10-րդ հայը, ընդ որում, ի տարբերություն ռուսների, ուկրաինացիների ու բելառուսների՝ մեր կորսուստների ճնշող մեծամասնությունը մարտական կորուստներ են եղել։ Ու ասել, որ այդ կռիվը զուտ ռուսի ու գերմանացու կռիվ էր, նշանակում է հրաժարվել մեր պապերի թափած արյունից, ինչը կարող է անել կամ մեկն, ում ուղեղը լվացել են կամ էլ մեկը, ում պապը պոլիցՀայ է եղել առնվազն։

«Մենք ի՞նչ կապ ունենք»

Բացի վերը նշվածներից, ուզում եմ ավելացնել, որ մենք ունենք ամենաանմիջական կապը, որովհետև դա պատերազմ էր բացարձակ չարիքի երկրային մարմնավորման՝ ֆաշիզմի դեմ, իսկ ով-ով, բայց մենք հո հաստատ գիտենք, թե ինչ մեծ չարիք է դա, որովհետև Ցեղասպանությունն էլ ոչ այլ ինչ էր իր բովանդակությամբ, քան ֆաշիզմի դրսևորում, թեև այլ վերնագիր էր կրում։ 

«Գալիպոլիում էլ են հայեր կռվել»

Այո, Օսմանյան ու շատ այլ բանակներում կռվել են հայեր, բայց ես չեմ հիշում մի որևէ այլ խոշոր կոնֆլիկտ, որտեղ հայերը ներգրավված լինեն կայսրություններից մեկում, այսպիսի անձնուրացությամբ կռվեին։ Բացի դրանից, Օսմանյան բանակ հայերին քշում էին զոռով, ու գիտենք, թե ինչ պատահեց նրանց հետ Ցեղասպանության ժամանակ, իսկ Հայրենական պատերազմի պարագայում մենք կարող ենք հպարտ լինել, որ ունեցել ենք դասալիքության ամենացածր տոկոսներից մեկը Խորհրդային միությունում, իսկ տասնյակ հազարավոր հայ տղամարդիկ կամավոր էին մեկնում ռազմաճակատ, և հավասարեցնել նրանց օսմանյան բանակում գառների պես կոտորված հայերի հետ՝ առնվազն էթիկապես ճիշտ չէ։

«Ի՞նչ տարբերություն Սովետի ու Նացիստական Գերմանիայի միջև»

Բացի նրանից, որ դասական սոցիալիզմն ու կոմունիզմը բառիս բուն իմաստով անտիպոդն են ֆաշիզմի ու նացիզմի, Սովետի ու Նացիստական Գերմանիայի տարբերությունը հասկանալու համար, բավական է ուսումնասիրել, թե ինչ էին անում նացիստները խաղաղ բնակչության հետ, երբ օկուպացրել էին ԽՍՀՄ տարածքի զգալի մասը, ու ինչպես էր վարվում Կարմիր Բանակը, երբ մտավ Գերմանիա։ Ոչ մի կերպ չարդարացնելով բռնությունների առանձին դեպքերն ու դրանք իրագործողներին, այնուամենայնիվ, ուզում եմ նշել, որ «2 միլիոն բռնաբարված գերմանուհիների» մասին միֆն ասպարեզ է նետվել Սառը պատերազմի տարիներին տեղեկատվական պատերազմի համատեքստում, իսկ Կարմիր Բանակում արդեն Գերմանիա մտնելուց օրեր անց Ստալինի հրամանն էր գործում, որով բռնաբարությունների ու խաղաղ բնակչությանը սպանելու համար տրիբունալ էր հասնում, ու գնդակահարում էին այդպիսիքին, իսկ Բեռլինը վերցնելու հաջորդ օրն արդեն կարմիր բանակայիններն իրենց ուտելիքով էին կիսվում խաղաղ բնակչության հետ։ Կարծում եմ՝ առավել քան ակնառու է գերմանացի երեխային կերակրող կարմիր բանակայինի ու բելառուս երեխային փայտե ամբարում վառող նացիստի տարբերությունը։

«Շուշին ա մեր հաղթանակը, ոչ թե Հայրենական պատերազմում տարած հաղթանակը»

Երբեք չեմ հասկացել, թե ինչ կարիք ու տրամաբանություն կա այս երկու մեծ հաղթանակներն իրար հակադրելու միջև։ Շուշին էլ է մեր հաղթանակը, Հայրենականի հաղթանակն էլ է մեր հաղթանակը։ Ասեմ ավելին, խորապես համոզված եմ, որ Շուշիի հաղթանակը բխում է հենց Ռեյխսթագի պատերի տակ պարած հաղթական քոչարիից, որովհետև հենց Հայրենական պատերազմն օգնեց, որպեսզի ցեղասպանված ու ծնկի բերված մեր ազգը կրկին ոտքի կանգնի ու վերածնի իր ռազմական համբավն ու փառքը, և ծնվեցին սերունդներ հաղթողի հոգեբանությամբ, այլ ոչ թե հլու-հնազանդ և ցեղասպանված գյավուրի մենթալ ֆոնով, ինչն էլ արդեն երկու սերունդ հետո ապրեց իր տրամաբանական էվոլյուցիան և կերտեց մեր հաղթանակը։ Երկուսն էլ մերն են, պարզապես մեկը միայն մերն է, իսկ մյուսը մենք կիսում ենք այլ ազգերի հետ։

Սրանք առանցքային նշանակություն ունեցող թեզեր են, որովհետև եթե չկա այլ ամենի գիտակցությունը, հասարակությունը չի կարող առողջ լինել, իսկ այսօր Հայրենականը պղծելու փորձեր անում են մեր թշնամիները, և կրկնելով նրանց թեզերը՝ դուք էլ դառնում եք այդ թշնամական քարոզչության կրողներ։ Հայրենական Պատերազմը մերն էր ոչ պակաս, քան ռուսներինը կամ էլ ցանկացած այլ խորհրդային ազգինը, և ոչ միայն պետք չէ մոռանալ դրա մասին, այլ պետք է հպարտանալ դրանով և դա անել անթաքույց՝ անկախ նրանից, թե ինչ են բարբաջում զոմբիներն ու նացիկները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել