Երկրորդ աշխարհամարտն, որն իրավամբ համարվում է մարդկության պատմության մեծագույն աղետը, շուրջ 60 մլն. մարդու կյանք խլեց, անթիվ-անհամար բնակավայրեր վերածեց փլատակների: Հայաստանը, բարեբախտաբար, ռազմական գործողությունների թատերաբեմ չդարձավ, և մեր երկիրը զերծ մնաց անխուսափելի ավերածություններից ու կոտորածներից: Եվ այնուհանդերձ, այն նաև մեր պատերազմն էր, քանզի անմիջականորեն առնչվում էր մեր ժողովրդի կենսական շահերին, նրան մասնակից դարձավ ողջ աշխարհասփյուռ հայությունը` ի դեմս իր 600.000 ռազմիկների: Պատերազմը մերն էր, որովհետև հաղթանակը նրանում ձեռք բերվեց նաև բազմահազար հայ զինվորների հերոսական ջանքերի գնով:
Երկրորդ աշխարհամարտը և´ պատմություն է, և´ արդիականություն: Կարևոր են նրա դասերը: Իսկ պատմությունը նորից չի գրվում և ոչ էլ կարելի է այն ջնջել: Պատմությունը մարդկության հիշողությունն է, իսկ հիշողությունն ընտանեկան սուրբ պարտականություն է, ազգային արժանապատվության հիմնասյուն: Հիշողությունը, ինչպես և ազնվությունը, մայրական կաթի միջով անցնում է զավակներին: Արդիականություն է, քանի որ նրա դասերն ուսանելի են սերունդների համար: Սերունդների միջև հոգևոր կապի խզում չպետք է լինի:
Չնայած 1941-1945թթ.-ին՝ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, Հայաստանի տարածքում պատերազմական գործողություններ չեն ծավալվել, բայց առաջին իսկ օրերից Թուրքիայի կառավարող շրջանների թշնամական քաղաքականության հետևանքով Հայաստանի արևմտյան սահմաններում բացառիկ լարված դրություն էր ստեղծված, և ամեն ժամ պատերազմ էր սպասվում: Թուրքիան 1942թ.-ի ամռանը Հայաստանի սահմանագլխին կուտակել էր 26 ռազմական դիվիզիա և ժանիքները սրած սպասում էր, թե ինչ ելք կունենա Ստալինգրադի ճակատամարտը: Տակավին պատերազմի նախօրյակին` 1941թ.-ի հունիսի 18-ին, Գերմանիայի և Թուրքիայի միջև ստորագրվել էր բարեկամության և չհարձակվելու մասին պայմանագիր, որով Գերմանիան ամրապնդել էր իր արևելյան ռազմաճակատի թևը և իրական վտանգ ստեղծել Այսրկովկասի, մասնավորապես` Հայաստանի համար: Ֆաշիստների հաջողության դեպքում Թուրքիան հարձակվելու էր Հայաստանի վրա` պանթուրքիզմի ծրագիրը` «Մեծ Թուրան» ստեղծելու գաղափարն իրականացնելու համար: Հայաստանը մշտապես խոչընդոտ է հանդիսացել պանթուրքական ծրագրի համար, և հայ ազգի զավակները շատ լավ հասկանում էին, որ ֆաշիզմի հաղթանակով հարցականի տակ էր դրվում իրենց բնօրրանի գոյությունը: Ավելին, կարելի է ասել, որ այդպիսի սցենարի դեպքում հայերը կկորցնեին իրենց հայրենիքի վերջին մնացորդը:
Այս ամենը հաշվի առնելով` անհրաժեշտ է մեծ հարգանք տածել պատերազմի հայ մասնակիցների, զոհված հայորդիների հիշատակի նկատմամբ, քանզի նրանց հաղթանակը մեծագույն նշանակություն ունեցավ ոչ միայն համայն աշխարհի, այլև հենց հայության համար:
Եվ երբեք չմոռանանք, որ 1945թ.-ի մայիսի 9-ին 89-րդ Թամանյան դիվիզիայի փառապանծ հայ զինվորներն են ռայխստագի վրա հայկական քոչարի պարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել