Ակումբային հաուս ոճում հանդես եկող երգչուհի Սոնե Սիլվերը շուտով հայալեզու երգ կներկայացնի: Blognews.am-ի հետ զրույցում երգչուհին խոստովանել է, որ սա իր համար ռիսկային քայլ է. «Շատերն են սպասում ինձանից հայալեզու կատարում, քանի որ ես այս ժանրում երբեք հանդես չեմ եկել: Իմ կոլեգաներից շատերն ինձ խորհուրդ էին տալիս ներկայանալ հայերեն երգով, նրանք չնայած հավանում են իմ արած աշխատանքները, բայց համոզում են անցնել հայերենի: Դա նաև ազգության հարց է, և հայալեզու երգերը կարող են ավելի մեծ լսարան բերել, իհարկե ես չեմ պատրաստվում 6/8 ժանրում ներկայանալ»:

Սոնեի համար սա միանշանակ փոփոխություն է, և աշխատանքն անելուց հետո սպասելու է մեկնաբանությունների. «Ամեն դեպքում կարծում եմ՝ կքննադատվի և կքննարկվի, բայց եթե նկատել եք՝ մեր ասպարեզում ամեն ինչն է ենթարկվում քննադատության: Մարդկանց կարծիքները տարբեր են, և երբ արվի գործիքավորումը, այդ ժամանակ կզգամ՝ ինչ է լինելու»:

Փետրվարի 14-ին երգչուհին նշանադրվել է, բայց ինչպես շատ հայտնիներ, նա էլ որոշել է այլևս հանրային չդարձնել իր անձնական կյանքը. «Վերջին շրջանում այնքան եղան անձնական հարցեր, որ ես արդեն ամաչում եմ այդ թեմայից: Զգացի, որ այն լայն տարածում ստացավ, և իմ գործունեությունն անցավ երկրորդ պլան: Սկսեցին խոսել իմ նշանածի մասին, հետաքրքրվել, թե ով է նա, ինչով է զբաղվում: Քանի որ նա հանրային մարդ չէ, դա նրան դուր չէր գալիս»:

Սոնեն միայն ավելացրեց, որ նշանածի հայտնվելն իր կյանքում շատ բան չի փոխել. «Կին, թե տղամարդ՝ պետք է այնպիսի մարդ ընտրի, որ նա չխանգարի ստեղծագործական կյանքին: Փառք Աստծո, ես չեմ զգում բացասական փոփոխություններ, ամեն ինչ այնպես է, ինչպես որ եղել է նախկինում»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել