Գերմանական «ԻստԻնվեստոր» ընկերությունը բողոքում է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» դեմ՝ նշելով, որ կոմբինատը, խախտելով սեփականության մասին օրենքը, զրկել է ընկերությանը իր բաժնետոմսերից և այժմ էլ փորձում է քիչ փոխհատուցում տալով գործը կոծկել: Կոմբինատի սեփականատերն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Երեկ «ԻստԻնվեստոր» ընկերության բողոքը մտել է դատաքննության փուլ:
«ԻստԻնվեստոր»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ գերմանական ընկերությունը գործարանի 3.21%-ի՝ 1520 բաժնետոմսերի սեփականատերն էր, սակայն 2008 թվականին գործարանի արտահերթ ընդհանուր ժողովում ընկերությանն իր բաժնետոմսերից զրկելու մասին որոշում է ընդունվել:
Փաստաբանի խոսքով՝ այդ որոշումը պետք է անվավեր ճանաչել, քանի որ օրենքի որևէ դրույթ չի նախատեսում թույլ տալ բաժնետիրոջ կամքին հակառակ ընկերությունից նրան դուրս թողնելու հնարավորությունը, և հետևաբար տեղի է ունեցել մեծամասնության իրավունքի չարաշահում, փոքրամասնության օրենքով երաշխավորված և պաշտպանված իրավունքի խախտում:
Գերմանական ընկերության մյուս փաստաբան Դավիթ Դանիելյանը Epress.am-ին հայտնել է, որ անօրեն որոշումը ընդունվել է մեկ նպատակով՝ ընկերության խոշոր բաժնետեր Գագիկ Ծառուկյանին դարձնել միակ բաժնետեր, այսինքն՝ իրականում սեփականության իրավունքից զրկումը հետապնդում էր մասնավոր շահերի բավարարման նպատակ: Փաստաբանը նշել է, որ մինչ այդ ընկերության բաժնետոմսերի 82 տոկոսը պատկանել է անձամբ Գագիկ Ծառուկյանին, 10 տոկոսը՝ նրան պատկանող «Մուլտի գրուպ» հոլդինգին, իսկ մնացած 8 տոկոս բաժնետոմսերի ամենախոշոր չափաբաժինը պատկանել է գերմանական ընկերությանը:
Դատարանը գերմանական ընկերության կորցրած բաժնետոմսերը գնահատելու համար նշանակել է փորձաքննություն ողջ ընկերության գույքի գտնահատման համար: Այն իրականացրել է «Անիկոմ» ընկերությունը և եզրակացրել, որ կոմբինատի հիմնական միջոցների շուկայական արժեքը 12.10.2008թ. դրությամբ կազմում է 8 միլիարդ 913 միլիոն 534 հազար դրամ: Մինչդեռ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» պատրաստ չէ այդ փորձաքննության հիման վրա հաշվել գերմանական ընկերությանը վճարվելիք փոխհատուցումը: Կոմբինատն իր գնահատականն է ցանկանում հիմք ընդունել, այսինքն՝ 5 միլիարդ 299 միլիոն 980 հազար դրամը: Փաստաբանների խոսքով՝ կոմբինատը բոլոր հաշվարկների արդյունքում պատրաստ է փոխհատուցել մոտ 26 միլիոն դրամ, մինչդեռ գերմանական ընկերությունը 141 միլիոն դրամ է պահանջում:
Գերմանական ներդրողի պաշտպաններն անթույլատրելի են համարում գործարանի սուբյեկտիվ գնահատականը հիմք ընդունելը, քանի որ, ըստ նրանց, ընկերությունը նպատակ է ունեցել անհարկի նվազեցնել սեփական կապիտալը, դրանով իսկ` բաժնետոմսի հետգնման գինը:
Արա Զոհրաբյանը նշել է նաև, որ կոմբինատը 2008թ. հոկտեմբերին հաշվապահական փոփոխություններ է կատարել՝ գինը իջեցնելու նպատակով, ուստի մոտ 100 միլիոնով իջել է գերմանական ներդրողի բաժինը, հետևաբար 141 միլիոնը ևս քիչ փոխհատուցում է:
Երեկվա դատական նիստի ընթացքում կոմբինատի ներկայացուցիչը միջնորդել է դատարան հրավիրել փորձագիտական քննությունն անցկացրած մասնագետին, որի տված գնահատականը, ըստ կողմի, չի համապատասխանում գործարանի իրական արժեքին: Դատավորը ընդունել է միջնորդությունը և հաջորդ նիստը նշանակել նոյեմբերի 14-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել