Ժամանակին հայ մտավորականությունը մտրակում էր անտարբերությունը, իսկ այսօր հայ իրականության մեջ համատարած... դեպի քաղաքական-հասարակական կյանքը, դեպի արվեստը, գրականությունը, ընդհանրապես ամեն ինչում: Չպետք է զարմանանք, եթե կյանքն այդ գույներով է, քանզի մեր երկրում գլխավոր դերը պատկանում է մանր բուրժուազիային, որն էլ ավելի է հարստացնում իր «ունեցվածքը»: Պետք չէ զարմանալ, երբ տեսնում ենք, որ այստեղ կյանքը պահպանում է հայ գավառական կերպարանքը... Գուցե շքեղ հագուստով, ավելի ճոխ դեմքով, սակայն մանր, տգետ ներքինով: Հասարակությունն էլ դրանով է սկսում առաջնորդվել՝ հիվանդանալ: Մի թալանչիի կամ կարծեցյալ հեղինակության ամուսնությունը կամ մահն ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում, քան ամենակարևոր ու նշանակալից հասարակական երևույթը: Շուտով կսկսվեն ելույթները, կոգևորվեն շատ տգետ իշխանավորներ... Կարծես թե մենք չգիտենք նրանց ամեն օրը: Կարիք չկա կրկնելու այդ ճառերի իմաստը, լսում ենք ամենուր «ԵՐԴՎՅԱԼ ՀՌԵՏՈՐՆԵՐԻՆ», որ ամեն տարի խոսում են մայիսի 28-ին և ուրիշ ազգային տոներին կամ լուրջ հայ գործիչների թաղման ժամանակ:
Այսինչը մեռավ, սակայն նա կենդանի է...
Այս օրն էր, որ ծնեց նախադրյալներ ապագա Հայաստանի և այլն...
Շարունակությունները փայլուն գիտենք, հազար անգամներ ենք լսել, անգամ բառերի, նախադասությունների դասավորությունները:
Խոսքս նպատակ ունի վերջ տալ դերասանությանը՝ արտիստիզմին, հասկանալ իմաստը, նպատակն այդ տոների, ապրել ամեն օր և մշտապես երկրի, ժողովրդի ցավով, տառապանքով, մեր հայրենիքի ապագայով, քանզի օրեցօր սկսվում է և սկսված է համատարած անտարբերությունը: Այս տեսակ մոտեցման արդյունքում ազգովի մատնված ենք անհաջողության, անտարբերության, որը ոչ հիմնավորված և մտածված, ազգին հարիր ծրագիր չունենալու, սկզբունքներից հրաժարվելու արդյունքն է: Չսպասենք այն օրվան, երբ աշնան տերևի նման բնից կտրվելով՝ գլորվելու ենք հավերժական անհայտություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել