Ռադիոն խորհրդավոր, հետաքրքիր աշխարհ է. ռադիոմանները, վստահաբար, գիտեն այս մասին ու մայիսի 7-ը մեծ տոն են համարում, քանի որ այսօր ռադիոյի ծննդյան օրն է: Մեր բարեկամն արդեն 120 տարեկան է:)
Առաջին ռադիոընդունիչը ստեղծել է Ալեքսանդր Պոպովը, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ այս գյուտին շատ մոտ էր նաև Գուլիելմո Մարկոնին: BlogNews.am-ը ռադիոյի հավատարիմ հաղորդավարներից հետաքրքրվել է, թե ինչ դեր ունի ռադիոն իրենց կյանքում:
Արամ Չախոյան («Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի գործադիր տնօրեն)
Ռադիոն իմ կյանքում շատ մեծ նշանակություն ունի. այն համարում եմ իմ կյանքի աշխատանքը: Այստեղ քո ասելիքը պետք է տեղ հասցնես բացառապես լավ խոսքով ու լավ ձայնով: Հեռուստատեսությունում կարող ես ավելի հեշտ լուծել այդ խնդիրը՝ օգտագործելով արտաքին տեսքդ: Ռադիոն իր մեջ ինչ-որ գաղտնիք ունի, ինչն ինձ միշտ դուր է եկել:
Երբ ես սկսեցի ռադիոգործունեությունս, 1995 թվականն էր, պետությունն ի վիճակի չէր ապահովելու բարեկեցիկ վիճակ, լույս, ջուր չկային, բայց կար լրատվության մի աղբյուր, որն առանց հոսանիքի էր աշխատում՝ մարտկոցներով: Մենք շատ լուսավոր աղբյուր էինք: Ես զգում էի, որ մենք ամենուր կանք և այդ պատասխանատվությունից ավելի էի ոգեշնչվում: Ինձ համար դրանք շատ լավ տարիներ էին: Ունեմ ունկնդիրներ, ովքեր իմ շատ լավ ընկերներն են դարձել:
Անկա Սարիբեկյան (Ռադիո Ջան)
Ռադիոն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի՝ աշխատանք, կարիերա, ապրելու միջոց, արդեն նաև կենսակերպ, քանի որ իմ ամբողջ օրը կապված է ռադիոյի հետ: Ժամանակի ընթացքում այս ամենը դարձավ իմ մի մասնիկը. ռադիո ասելով՝ ես հասկանում եմ ինձ ու ինձ ասելով հասկանում եմ՝ ռադիո:
Դասախոսներիցս մեկն ասում էր, որ պետք է սիրահարվես ռադիոյին, որովհետև ռադիոն անբուժելի հիվանդություն է: Հիմա ես կարող եմ ասել, որ սիրահարված եմ դրան:) Ես երբեք չէի էլ երազի ունենալ այնքան ունկնդիրներ, որքան ունեմ հիմա:
Ժակ (Ռադիո Վան)
Ռադիոն իմ կյանքում ճակատագրական նշանակություն ունի: Այն ամբողջովին փոխել է իմ կյանքը, նույնիսկ երկրորդ կեսիս եմ ռադիոյի շնորհիվ գտել:)
Ես միշտ ապրել եմ ռադիոյով, բոլոր քայլերս տարել են դեպի ռադիո, սակայն «Ոսկե Քնարի» շնորհիվ ակամայից ավելացավ հեռուստատեսությունը, որն ավելի լայն հնարավորություններ է ընձեռում: Երբ խոսքին ավելանում է վիզուալ աջակցությունը, բերում է մի շարք այլ հնարավորություններ:
Ամեն դեպքում ռադիոյում ավելի ազատ եմ զգում ինձ, քանի որ այնտեղ կարող ես տարբեր կեցվածքներ ընդունել, տարբեր տրամադրությամբ լինել, շատ աննորմալ կատակներ անել, իսկ հեռուստատեսությունը կոնկրետ սահմաններ ունի, որոնցից դուրս չգալով՝ պիտի փորձես գտնել քեզ:
Լուսինե Բադալյան (Ռադիո Վան)
Ռադիոն թթվածնի պես մի բան է իմ կյանքում, ամենակարևոր կենսական ուժերից մեկը: Ռադիոն ու հեռուստատեսությունն ինձ համար անհամեմատելի են. լրիվ տարբեր աշխարհներ են: Ես գրեթե միաժամանակ եմ սկսել աշխատել ռադիոյում ու հեռուստատեսությունում, և տարբեր փուլերում ինձ թվում էր, թե ռադիոն ավելի կարևոր է, սակայն հետո հեռուստատեսությունն էլ կարողացավ շատ մեծ տեղ գրավել իմ կյանքում: Այնուամենայնիվ, ես մի աստիճանով բարձր եմ դասում ռադիոն: Այնտեղ ամեն ինչ ավելի մտերմիկ ու ազատ է. դու դու ես, հեռուստատեսությունում, այնուամենայնիվ, դու այնպիսին ես, ինչպիսին պիտի լինես:
Եգոր Գլումով (Ռադիո Վան)
Ռադիոն իմ կյանքում շատ կարևոր նշանակություն ունի: Ինձ համար այն ավելի հետաքրքիր է, քան հեռուստատեսությունը. սա ասում եմ՝ աշխատանքային փորձ ունենալով 2 տեղում էլ: Ռադիոն թույլ է տալիս միացնել սեփական փոքրիկ հեռուստատեսությունն ուղեղում և ստեղծել գողտրիկ, հետաքրքրիր աշխարհ: Ռադիոյում ավելի շատ ազնվություն կա, որը հեռուստատեսությունը չի տալիս, քանի որ հեռուստատեսությամբ կարող ես ունենալ գեղեցիկ արտաքին, սպիտակ ատամներ, հաճելի ժպիտ, եթե աղջիկ ես, մեծ կուրծք ու գրավել մարդկանց: Ռադիոյում այդ ամենը չի աշխատում, դու պետք է իրականում լինես ազնիվ, մաքուր, բարի, իմաստուն, գիտելիքներով լի, որպեսզի կարողանաս գրավել մարդկանց: Միայն քո ձայնով դու պետք է կարողանաս մարդկանց ծիծաղեցնել, տխրեցնել, զայրացնել, օգնել… Հավատացեք, դա ավելի դժվար է:
Ռադիոյում աշխատանքի անցնելուց հետո հասկացա ԶԼՄ-ների ազդեցությունը մարդկանց ուղեղների վրա: Մինչ այդ ես չէի պատկերացնում, որ լրատվական միջոցներն այդքան հզոր ուժ ունեն:
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի