Երեկ երևանյան սրճարաններից մեկում հավաքված հյուրերն առիթ ունեցան դիտելու երգիչ Նարեկ Մակարյանի նոր տեսահոլովակը: «Քեզ հետ, առանց քեզ»՝ այսպես է կոչվում երգչի նոր աշխատանքը, որի երաժշտությունը գրել է հենց ինքը, խոսքերի հեղինակը Գայանե Ավետիսյանն է, գործիքավորումն արել է Էդգար Ալեքսանյանը, ռեժիսորը Սերժ Գաբյանն է, իսկ օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Blognews.am-ի հետ զրույցում Նարեկը խոստավանեց, որ երգը նվիրել է մի աղջկա, ով այլևս նրա կողքին չէ. «Եղել է իմ կյանքում սեր, ում ես կորցրել եմ, իսկ լավ երգերը ծնվում են սիրուց: Ամեն անգամ մենք զարմացնում ենք մեր լսարանին մեր աշխատանքներով և դեռ զարմացնելու ենք: Այս տեսահոլովակն էլ չափազանց հետաքրքիր լուծումներով է արված: Անգամ ինձ՝ որպես հանդիսատես, շատ հետաքրքիր է՝ ինչ է ստացվել, և թե ինչպես կարձագանքի հանդիսատեսը»:

Նարեկի խոսքով՝ նրա բոլոր տեսահոլովակներում միշտ հետաքրքիր լուծումներ են լինում, բայց սա միանշանակ տարբերվում է իր  բարդությամբ. «Տեսահոլովակում մի կադր կա, որտեղ ես օդում եմ կախված, և մարմնիս ամեն մի կետը ցավում էր, և ես արդեն հանձնվում էի»:

Հրավիրվածների շարքում էր նաև երգի խոսքերի հեղինակ Գայանե Ավետիսյանը, ով արդեն երկրորդ անգամ էր համագործակցում Նարեկի հետ. «Տարիներ առաջ գրեցի մի երգ Նարեկի համար, որը տեսահոլովակ չունեցավ: Իսկ այս համագործակցությունը շատ սպասված էր, նա միշտ ինձանից սպասում էր մի երգը, որը սրտով կկատարեր: Երբ լսեցի երաժշտությունը, միանգամից հասակացա, թե ինչ պետք է գրեմ, և բառերը ծնվեցին ակնթարթի մեջ: Այս երգն իմ զգացմունքերի արտաբերումն էր, և ես շատ ուրախ եմ, որ Նարեկը կարողացել է տալ ինձ այդ էներգիան, որը ես զգացել եմ այդ պահին: Կարծում եմ՝ Նարեկի հետ դեռ երկար կհամագործակցենք»:

Տեսահոլովակի ռեժիսոր Սերժ Գաբյանը նշեց, որ Նարեկին հաջողվում է կերպարներ կերտել. «Փիլիսոփայական հիմքով տեսահոլովակ է ստացվել, ես էլ փորձել եմ արժեքավոր գործ անել և ներկայացնել հանդիսատեսին»:

Երեկոն վարում էր ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանը, ով բոլորին հրավիրեց տեսահոլովակի դիտմանը: Իսկ դիտումից հետո հնչեցին բազում շնորհավորանքներ:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Անտինյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել