Հետևելով ԱԺ-ում ընթացող վերջին մի քանի օրերին ծավալվող քննարկումներին` ակամայից կարելի է ենթադրել, որ ՀՀ օրենսդիր մարմինը բուռն կերպով օրինաստեղծ գործունեությամբ է զբաղված:
Տարօրինակ է, սակայն, պառլամենտի նկատմամբ անպարտաճանաչությամբ և ավելի շատ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերում ոչ իշխանական թևի պառլամենտականները:

Սովորաբար ԱԺ նիստերին ՀՀԿ պատգամավորների զգալի մասը գալիս են միայն սկզբում, գրանցվում են, քվեարկում են և գնում: Իսկ Կառավարության հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ոչ իշխանականներն ընդհանրապես հետաքրքրություն չէին դրսևորում: 
Նախօրեին ԱԺ-ում բավականին լուրջ օրենսդրական նախաձեռնություններ էին ներկայացվել Կառավարության կողմից, սակայն դրանց քննարկումներն անցնում էին գրեթե դատարկ դահլիճում, քանի որ 131 պատգամավորներից շուրջ երեքուկես ժամ տևած քննարկմանը ներկա էին 10 պատգամավոր:
Հատկանշականն այն է, հաճախ ընդդիմադիր պատգամավորները դժգոհում են կառավարության գործելաոճից, որ հրատապ բերում է օրենքներ և վարկաբեկում խորհրդարանը: Անընդհատ բողոքում են, որ Կառավարությունն է հիմնական օրենքներ մշակում և ներկայացնում խորհրդարան` անընդհատ կասեցնելով պատգամավորական օրենսդրական նախաձեռնությունները: Ընդգծենք, որ իրականում ՀՀ օրինաստեղծ մարմինը ՀՀ ԱԺ-ն է, սակայն ստացվում է, որ գործադիրը փաստացի կատարում է օրենսդիրի` օրենք գրող մարմնի պարտականությունները:

Եթե համադրենք այս փաստերը, ստացվում է, որ մեր պառլամենտականներն անգամ պատրաստի գրած-մատուցված օրենքների քննարկմանն անգամ չեն մասնակցում` իրենց «գերծանրաբեռված» գրաֆիկի պատճառով, ուր մնաց ժամանակ հատկացնեին օրենք մշակելուն, և այն պնդումը, թե ԱԺ-ն Կառավարության համար օրենք դակող հիմնարկ է, ընդամենը բարբաջանք է: Ասվածին հավելենք, որ ընդդիմադիր պատգամավորները բավականին պասիվ են նաև հանձնաժողովների աշխատանքներին, որոնց դերն, իհարկե, կարևոր է օրենքում առկա խութերն ու բացերը գտնելու և չեզոքացնելու համար:

ԱԺ-ը, որպես պետական մարմին, բավականին լուրջ հարթակ է տեսակետներ արտահայտելու և, ժողովրդի դարդ ու ցավերը հաշվի առնելով, նորմալ օրենքներ մշակելու, այլ ոչ թե զուտ քնելու, պետական փողերով ճանապարհորդելու և որոշակի մարդկանց հաճոյանալով PR-վելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել