Քայլում էի...
Մտքերով էի ընկել ու ինչ-որ հարցեր էի լուծում մտքիս մեջ, ինչ-որ հետևություններ ու վերլուծություններ էի անում օրվա իրադարձություններից:
Եվ մի պահ ամեն ինչ լռեց: Անկեղծ, այդքան անցել եմ այդ նույն փողոցով, բայց ոչ մի անգամ նման բանի ականատես չէի եղել: Հանկարծ առօրյա խաժամուժը փոխվեց բութ լռության, նույնիսկ կտրվեց ավտոմեքենաների շարժիչի ձայնը:
Կանգ առա...
Թեթև սառնություն...
Մի պահ ինձ թվաց, թե քաղաքս քուն մտավ ու քնեց հավերժական քնով կամ ասենք ինչպես է լինում, երբ դիմավորում են պատվարժան մարդկանց, երբ մի ակնթարթ քարանում է ամեն ինչ և լսվում են ծափահարություններ:
Չգիտեմ, բայց ինքս իմ մեջ սկսեցի անակնկալ ակնկալել:
Երկու քայլ և...
Տարիներ առաջ ինձ հարազատ ընկերոջ հայացքին բախվեցի: Ընկե՞ր, լավ էր ասված, չէ, չէ ամենևին վատը չմտածեք,պարզապես,եթե նա լիներ ուղղակի ընկեր, վստահ եմ, որ կլիներ «աշխարհի» ամենալավ ու ամենանվիրված մարդկանցից մեկն իմ կյանքում:
Բա՞յց...
Շատ են «բայց»-երը կյանքում, որոնք չունեն իրենց լիարժեք ամփոփոխ միտքը:
«Մաքուր» ընկերությունից սե՞ր...

Ատում եմ այս կտրուկ անցումը, այն էլ այս դեպքում, երբ նա լավ ընկերոջից ավելին չի կարող լինել քո սրտում:
Համաձայն եմ: Երևի ո՛չ նա և ո՛չ էլ ես երբևէ նման անակնկալ հանդիպման չէինք սպասի, ուստի երկուսս էլ քարացանք, բայց ի տարբերություն ինձ՝ նա ժպտաց տարօրինակ ժպիտով և հեռացավ:
Ափսոսա՞նք, կարո՞տ, ատելությու՞ն, թե՞ բարի մարդու անզսպելի հիացմունքի արտահայտման ձև:
Չգիտեմ...
Ամեն դեպքում սիրտս հանգիստ էր, չնայած կխաբեմ, եթե չասեմ, որ ցավ պատճառած չէի լինի: Չէ՛, ինչքան էլ չլինի՝ անպատասխան սիրով էր նա սիրել, բայց սրտիս նրանով էր հանգիստ, որ երբեք չէի ստել ու չէի հիասթափեցրել նրան, պարզապես մեղավոր չէի, որ չկարողացա սրտիս մեջ նրան տեղ հատկացնել ...
Գիտեմ՝ ինչքան էլ մտածեմ, թե դու ինձ կատես կամ կմեղադրես, նման բան լինել չի կարող, իմ տխուր օրերի հարազատ ու բարի ընկեր: Շատ բաներ ասել ու հասկացրել ես ինձ, շատ պահերին ես կողքիս եղել և ուժ ու հավատ ներշնչել, թեև ոչ ֆիզիկապես, բայց հոգեպեսն էլ ինձ բավարար էր: Եղել ես միմիայն բարի ու անսահման նվիրվածությամբ ընկեր...

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ...

p.s.Եկեք այնպես ապրենք, որ տարիներ հետո պատահական հանդիպումներից երբեք չխուսափենք և միշտ միմյանց նայելիս ժպտանք և անցնենք... :)

Օվսաննա Սիմոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել