Ռեժիսոր Արեն Բայադյանն արդեն ութ տարի է՝ զբաղվում է ռեժիսուրայով: Այսօր հայկական շոու բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները նրան են վստահում իրենց տեսահոլովակները: Blognews.am-ն այս անգամ հյուրընկալել էր Արենին, ով պատմեց, թե որ դեպքում է տեսահոլովակ նկարահանելուց հրաժարվում, խոսեց մի քիչ ավելի համարձակ տեսահոլովակներից, նրանից, թե ինչքան է հավանում նոր սերնդին և ֆիլմ նկարահանելուց:

Արեն Բայադյանը միշտ չէ, որ համաձայնվում է հարցազրույց տալ, նախընտրում է անել աշխատանք, բայց չխոսել. «Մենք սիրում ենք ասածի վրա կրկնակին ավելացնել, երբեք քո ասածն այնպես տեղ չի հասնում, ինչպես դու ես ասել: Մեզ մոտ խոսելն ավելի լավ է ստացվում, ավելի լավ է դրա փոխարեն աշխատանք անել: Երկրորդն էլ, քանի որ բոլորին հնարավորություն է տրված կարծիք արտահայտելու, յուրաքանչյուրը չէ, որ ադեկվատ է ամեն ինչ ընկալում: Իմ աշխատանքում ես պետք է պատկերով տեղ հասցնեմ իմ ասելիքը երգիչ-երգչուհիների երկրպագուներին»:

Արենն ինքնաքննադատ է և իր տեսահոլովակի բացասական կողմերը միայն նա է նկատում. «Չունեմ աշխատանք, որից լիարժեք գոհ եմ: Ինձ միշտ քննադատում եմ, կատարելագործում, որ հաջորդ աշխատանքս ավելի լավ ստացվի: Բացասական կարծիքներ լսում եմ, բայդ դրանք հնչում են հաճախ ոչ պրոֆեսիոնալ մարդկանցից, որոնց ես ուշադրություն չեմ դարձնում: Բնականաբար ոչ բոլորին կարող է քո արած աշխատանքը դուր գալ»:   

Հայկական շոու բիզնեսում շատերը սկսել են համարձակ տեսահոլովակներ ներկայացնել, այս ամենին ռեժիսորն ունի իր մեկնաբանությունը.«Մեր խնդիրն այն է, որ մենք պետք է հանենք «բաց, համարձակ, երևացող» բառերը: Երբ նայում ես ամերիկյան շուկան, նրանք ոչ թե հիմա են սկսել նմանատիպ տեսահոլովակներ նկարահանել, այլ արդեն շատ վաղուց, երբ ամեն ինչ դարձավ շատ ազատ: Համարձակ բացվածքը շատ հարաբերական է, երբ ասում են՝ այսինչ արտիստը բացել է իր կուրծքը, հետույքը կամ մարմնի այլ մաս, այս ամենի մեջ պետք է գեղեցկություն տեսնել: Իսկ եթե դա քեզ դուր չի գալիս, նայիր ուրիշ բան»:   

Արենի տեսահոլովակների գինը կախված է դրա ճոխությունից, այն բանից, թե որքանով է արտիստն ուզում զարմացնել իր հանդիսատեսին. «Երբ տեսահոլովակը նկարում եմ, ես չեմ կարող ասել՝ լավն է լինելու, թե՝ ոչ: Ինձ մոտ բացակայում է «հեսա բոմբ եմ նկարելու» արտահայտությունը: Իսկ գումարի չափը պայմանավորված է նրանով, թե որքան ճոխ տեսահոլովակ են ուզում ինձանից: Ամեն ինչ սկսվում է նրանից, երբ մտքերը տալիս ես թղթին և հասկանում, թե որքան կարժենա տեսահոլովակը:  Օրինակ՝ շատ են եղել դեպքեր՝ ես մի բան եմ մտածել, հետո հասկացել ենք, որ ստացվում է ահռելի գումար, սկսել ենք կրճատել, որպեզի արտիստն էլ հարմարվի, և գործն էլ չտուժի: Ես կարողանում եմ սցենարի մեջ փոփոխություններ անել, և յուրաքանչյուրի դեպքում լուծում գտնում ենք: Մեր շուկան փոքր է, և եթե դու տեսահոլովակի վրա ահռելի գումար ես ծախսում, այդ գումարդ չես կարող վերադարձնել, եթե իհարկե հովանավոր չունես»:

Մեր այն հարցին, թե ինչու են շատերն իրենց տեսահոլովակը վստահում նրան՝ Արենը պատասխանեց. «Ես կարող եմ ասել, որ ես բոլորին շատ սիրում, հարգում և բոլորին փորձում եմ օգնել: Ստեղծագործական առումով ասեմ՝ յուրաքանչյուրի դեպքում փորձում եմ բացահայտել այն չամիչը, որ թաքնված է: Երևի շատերից եք լսել, որ ես շատ եմ տանջում և ժամերով եմ նկարում, որովհետև եթե ես չանեմ դա, ես ինքս ինձանից կզզվեմ և չեմ ստանա այն, ինչ ուզում եմ: Ամեն տանջանքի արդյունքը միշտ լավն է լինում: Փորձում եմ պարտաճանաչ աշխատել, յուրաքանչյուրի տեսահոլովակն իր ժամանակին հասցնել և ոչ մեկին չմերժել: Ես չունեմ այնպիսի տեսահոլովակ, որ իմ սրտով չէ, կան դեպքեր, երբ արտիստն ուզում է որևէ այլ բան, ես չունեմ այդ խնդիրն ինքնահաստատման, որ միայն իմ ասածը պետք է լինի: Ես լսում եմ և փորձում եմ հասկանալ՝  ինչ է ուզում, և եթե տեսնում եմ՝ հետաքրքիր բան է, համաձայնվում եմ, բայց եթե զգում եմ, որ մեր աշխարհները չեն համապատասխանում, փորձում եմ բացատրել, իսկ եթե պնդում են՝ կտրականապես ասում եմ, որ ես նման բան չեմ նկարի»:

Ռեժիսորի կարծիքով՝ վերջին տարիներին մեր շոու բիզնեսը շատ է խառնվել իրար, շատ երգիչներ էլ սկսել են սովորական նայել իրենց աշխատանքին, ոմանք էլ հայտնվում են, հետո կորում. «Ես հիմա շատ եմ հիանում մեր նոր սերնդով, թե ինչքան ոճային են, թե որքան խնամված են, դա բավականին ողջունելի է: Նրանք իսկապես շատ լավն են, պարզապես նոր սերնդին մի քիչ պակասում է իրենց համապատասխան դպրոցը: Նրանց երաժշտական ուղղվածությունը խառնվել է իրար, եթե այսօր գումար բերում են ինչ-ինչ երգեր, ինչ-ինչ վերնագրեր, որոնց անունները չեմ ուզում նշել, իրենք էլ են ստիպված անում, ոչ մեկ դրանում մեղավոր չէ, մեղավորը պահանջարկն է: Երբ ինձ հարցնում են՝ չե՞ս սիրում նման երգեր, ես միշտ ասում եմ, որ ես իրավունք չունեմ սիրել կամ չսիրել: Ես չպետք է խտրականություն դնեմ՝ սա լավ երգ է կամ վատն է: Եթե ինձ պետք լինի ինչ-որ երգ լսել, կնստեմ իմ մեքենայի մեջ և կլսեմ: Ես հիմնականում ռոքի սիրահար եմ»:  

Տեսահոլովակ նկարահանող ռեժիսորից սովորաբար հետո ակնկալում են գեղարվեստական ֆիլմ. «Այն սցենարները, որոնք ես կուզեի նկարահել, ավելի լուրջ բաներ են, որոնց պահանջարկը և ներդնողներ այսօր չկան: Եթե առաջարկ լինի, և եթե ես զգամ, որ այն կապ ունի ինձ հետ, քանի որ իմ աշխատանքը կապված է ավելի շատ զգալու հետ, ես մեծ հաճույքով կաշխատեմ: Բայց ես չեմ կարողանա սցենարը ձեռքիս գնալ դռնեդուռ, քանի որ դա ինձ համար, կոպիտ ասած, առևտուր է, իսկ ես առևտրի մեջ չկամ: Ես կարծում եմ՝ ամեն ինչ իր ժամանակն ունի, իսկ երբ գա, ես հաստատ անելու եմ այնպիսի բան, որ լավը լինի»:  

Նյութը՝  Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել