Exclusive

Դերասանուհի Մարիամ Մելիքյանն ամիսներ առաջ սիրելիին՝ Գոռին, հավերժ սիրելու երդում է տվել, այսօր ուրախ ենք տեղեկացնել, որ շուտով կծնվի զույգի առաջնեկը: Լոնդոնում բնակություն հաստատած ամուսինները վերջերս վերադարձել են հայրենիք, իսկ Blognews.am–ի հետ բացառիկ զրույցում Մարիամը պատմել է նոր կարգավիճակի մասին:

«Երբ իմացա հղիությանս մասին, նույն երեկոյան անակնկալ ընթրիք պատրաստեցի և այդ ժամանակ ամուսնուս հայտնեցի լուրը: Շատ հաճախ տուն վերադառնալիս նա ինձ համար ծաղիկներ է բերում, քանի որ գիտի՝ շատ եմ սիրում: Այդ օրը պատահականության սկզբունքով, թե սրտի թելադրանքով տուն էր վերադարձել անչափ գեղեցիկ ծաղկեփնջով: Իմանալուն պես նա այնքան հուզվեց, որ նրա հուզմունքից ես էլ արտասվեցի: Կարող եմ ասել, որ նրա երջանկությունը կրկնապատկվեց»:

Մարիամը երեխայի սեռը դեռ չգիտի, բայց մայրական բնազդը հուշում է, որ աղջիկ է ծնվելու. «Անշուշտ, ուզում եմ իմանալ սեռը, քանի որ պետք է երեխային անհրաժեշտ մի շարք գնումներ կարարեմ և իմ բալիկի սենյակը նախապատրաստեմ: Չգիտեմ ինչու, բայց ներքին ձայնս հուշում է, որ աղջիկ է, և նրա հետ խոսելիս անընդհատ կրկնում եմ «Իմ աղջիկ» արտահայտությունը»:

Մարիամի բալիկն արդեն բավականաչափ նվերներ է ստացել, իսկ նա գնել է այն պարագաները, որոնք պետք կգան ցանկացած սեռի դեպքում: Ծնողները դեռևս չեն մտածել անվան մասին, բայց Մարիամը վստահ է՝ չափազանց  խիստ և անսահման հոգատար մայր է լինելու. «Ամուսնուս կողմից էլ այս շրջանում եռակի ուշադրության եմ արժանանում, քանի որ բացի մայրանալու փաստից՝ գտնվում էի օտար երկրում և օտար միջավայրում»:

Չհարմարվելով Լոնդոնի կյանքին՝ Մարիամը վերադարձել է հայրենիք. «Հայկական ավանդույթների համաձայն ասում են՝ դարձ եմ եկել, սակայն ամուսնությունից հետո սա իմ երկրորդ այցն է Հայաստան, ու կարծում եմ՝ այս անգամ փոքր-ինչ շատ կմնամ, գուցե հետո չվերադառնամ, քանի որ ամուսնուս հետ որոշել ենք բիզնեսը տեղափոխել Երևան և այստեղ բնակվել: Ես էլ, Գոռն էլ շատ ենք ցանկանում Երևանում ապրել: Լոնդոնն անչափ գեղեցիկ և ռոմանտիկ քաղաք է, սակայն ես սովոր եմ իմ միջավայրին, իմ հարազատների ներկայությանը, ինչու ոչ նաև աշխատանքին: Դժվար է ապրել մի երկրում, որտեղ չկա ոչինչ հայկական»:


Զրույցի վերջում Մարիամը նշեց, որ բալիկի ծնվելուց հետո կրկին կվերադառնա իր սիրելի աշխատանքին: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի

Նկարահանումն իրականացվել է Prince and Princess մանկական հագուստների խանութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել