Այսօր Իրաքում, Սիրիայում և Լիբանանում բնակվող մեր ժողովրդի մի մեծ հատված կրկին կանգնել է լրջագույն մարտահրավերի և պատերազմական սպառնալիքի առջև: Սա մեր Սփյուռքի առավել ավանդապաշտ մասերից է:

Հալեպում իմ տեղեկություններով 15-20000 հայեր կան, որոնք ծանրագույն պայմաններում գտնվում են ըստ էության շրջափակված քաղաքում: Մյուս կողմից այսպես կոչված Իրաքի և Լևանտի իսլամական պետությունն Իրաքի Սիրիայի և Լիբանանի տարածքում Խալիֆաթի ձևավորման նպատակ է առաջադրել և միջնադարյան դաժանությամբ և այլատյացությամբ սպանում է քրիստոնյաներին և այլ կրոնական փոքրամասնություններին: ԵԽԽՎ-ում այս խնդիրը քննարկվեց, սակայն կոնկրետ քայլերը ուշանում են:

Նշված պայմաններում, իմ խորին համոզմամբ, Հայաստանի Հանրապետությունը պետք է մշակի դիվանագիտական և քաղաքական ռազմավարություն տվյալ տարածքի սփյուռքին աջակցելու համար: Այն մեր հայրենակիցներին, որոնց ֆիզիկական վտանգ է սպառնում, և որոնք ցանկանում են դուրս գալ, պետք է առավելագույնս աջակցել: Մնացյալ դեպքերում անհրաժեշտ են հավելյալ և հրատապ դիվանագիտական ջանքեր՝ մոբիլիզացնելու համար միջազգային հանրությանը և, գործակցելով աշխարհի ուժային կենտրոնների հետ, մարդկանց պաշտպանելու նպատակով, քանի որ աշխարհառազմավարական վիճակը չափազանց արագ է փոխվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել