Այս գեղեցիկ սովորույթը սերում է առաջին քրիստոնյաներից, որոնք մոմերով լուսավորում էին իրենց ստորգետնյա բնակավայրերը: 
Եվ քանի որ նրանց կյանքը հարատև աղոթք էր, մշտավառ մոմերը նրանց աստվածպաշտության անբաժան մասն էին կազմում, մանավանդ որ լուսավորում էին բնակավայրերի պատերին նկարված սրբապատկերները:
Աստծու տաճարում վառվող մոմի լույսը խորհրդանշում է քրիստոնյայի հավատը նյութականացված ձևով: Ինչպես մոմն այրվելով լուսավորում է շրջապատը, այնպես էլ քրիստոնյան, առաջնորդվելով Հիսուսի պատգամով՝ «Դուք եք աշխարհի լույսը», ձգտում է ճշմարիտ, քրիստոնեավայել կյանք ապրելով՝ լուսավորել իր շրջապատը:
Երբ Եկեղեցին դուրս եկավ ընդհատակից, նրա հետ, իբրև աստվածապաշտության մասնիկ, ջահերով ու կանթեղներով լուսավորված տաճարները մուտք գործեց նաև մոմը՝ դառնալով քրիստոնյայի լուսավոր հավատի, ջերմ սիրո և աղոթքի խորհրդանիշը:
Մոմը դարձավ հավատացյալի մշտական նվիրատվության առարկան՝ ոչ միայն նպաստելով եկեղեցու նյութական բարեկարգությանը, այլև այնտեղ ստեղծելով խորհրդավոր և տպավորիչ տեսարան. սրբապատկերների առջև վառվող բազմաթիվ մոմերը կարծես Աստծո առջև կանգնած հավատացյալների հոգիները լինեն, որոնք վառվում են աստվածային սիրով՝ մոմի բոցի պես միշտ դեպի վեր ձգտելով լուսավոր խորհուրդներով:
Մոմավառությունը թեև հավատքից բխող քայլ է, սակայն եթե քրիստոնյան եկեղեցում մոմ վառի, բայց աղոթք չանի, ապա այն նույնն է, ինչ խունկն առանց հոտի և աղն առանց համի: Ուստի չբավարարվենք միայն մոմ վառելով, այլ մասնակցենք առավել կարևոր` Սուրբ Պատարագի, առավոտյան և երեկոյան ժամերգությունների: Ձեռք բերենք նվազագույն գիտելիք մեր եկեղեցու յոթ խորհուրդների, հինգ տաղավար տոների, տերունական, խաչի, Աստվածածնի տոների մասին: Իսկ մասնակցել որևէ խորհրդի` չիմանալով իմաստը, հարիր չէ քրիստոնյային:
Հատկապես մեր ժամանակներում, երբ ինտերնետը հեղեղված է հոգևոր թեմաներով, և ամենակարևորը չկա ոչ մի բռնություն կամ հալածանք, ինչպես առաջին քրիստոնյաներին: Սովորենք, որովհետև չիմացությունը մեզ հետ է պահում մեր նախապատրաստվելուց` դեպի հավիտենականություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել